Քաղաքական - Խոսքը շատ էր, գործն այդքան էլ չէր համապատասխանում խոսքին, հուսամ՝ մյուս նստաշրջաններում ամեն բան կփոխվի հօգուտ գործի․ Տ․ Սիմոնյանն ամփոփեց ԱԺ աշխատանքը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 7-րդ գումարման ԱԺ աշխատանքները բավարար է գնահատում, բայց կարծում է, որ այն շատ պատգամավորների համար ճանաչողական էր։ Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ շատ պատգամավորներ՝ այդ թվում ինքը, նոր են քաղաքականության մեջ։ Պատգամավորի համոզմամբ՝ նստաշրջանը բավական ակտիվ էր, ինչն էլ դրական է համարում։

«Կցանկանայի, որ 2-րդ նստաշրջանում այդ ակտիվությունն ավելի արդյունավետ լիներ և միայն անընդհատ խոսելով ակտիվությունը չդրսևորվեր։ Բայց կարելի է ասել, որ օրենսդրական փաթեթների ընդունման առումով էլ բավականին գործ արվել է, թեպետ մի քիչ կարելի էր ավելի արդյունավետ կազմակերպել, քանի որ մեծ քանակությամբ օրենսդրական փաթեթներ 2-րդ ընթերցմամբ այդպես էլ չհասցրեցինք ընդունել, բայց կային հրատապ նախագծեր, որոնք օր առաջ պետք էր ընդունել։

Օրինակ՝ քրեական դատավարության օրենսգրքի հետ կապված փոփոխությունները մնացին աշնան նստաշրջանին, բայց Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ապրիլի 1-ից պետք է օրենսդրական փոփոխությունները կատարեինք»,- ասաց նա։

Սիմոնյանը գիտի, որ այս խորհրդարանին մեղադրում են զուտ աչքի ընկնելու համար այս կամ այն հարցը տալու մեջ, բայց անձամբ  իր գնահատականներում շատ խիստ չէ։ Նա նշեց, որ ինքը՝ որպես ընդդիմադիր, կարող էր բողոքել, որ վատ խորհրդարան է և այլն, սակայն խնդրին օբյեկտիվ է նայում ու հասկանում, որ քաղաքական գործիչները նոր են այս ոլորտում։

«Այո, խոսքը շատ էր, բայց գործն այդքան էլ չէր համապատասխանում  գործին, հույս ունեմ, որ մյուս նստաշրջաններում ամեն բան կփոխվի՝ ի օգուտ գործի։ Անկախ ամեն ինչից, կարևոր մի քանի իրավական փաստաթղթեր ընդունվեցին, օրինակ՝ Հարկային օրենսգրքի ամբողջական փաթեթը, սահմանված կարգը խախտող զինծառայողներն ազատվեցին քրեական պատասխանատվությունից, Քաղաքացիական, Քրեական օրենսգրքերում փոփոխություններ եղան, նվազագույն աշխատավարձը բարձրացվեց և այլն»,- նշեց Տարոն  Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել Հարկային օրենսգրքին, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի կողմից է քննադատության արժանացել, ինչպե՞ս է հիմա  ներկայացվում որպես խորհրդարանի ձեռքբերում, Սիմոնյանը պատասխանեց, թե դեմ ենք քվարկել, քանի որ կային հարցեր, որոնք Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն անուշադրության են մատնել։

«Դրսևորվեց անհարկի շտապողականություն, լավ բաների հետ նաև վատ բաներ ընդունվեցին։ Մենք ավելի ամբողջական Հարկային օրենսգիրք ունենալու հույս ունեինք, բայց տեղի ունեցան փոքր-մոքր փոփոխություններ։ Ներդրողներին էլ ավելի պարզեցված Հարկային օրենսգիրք էին ցանկանում։ Մի քանի անգամ նաև ամբիոնից եմ բարձրաձայնել, որ խրթինությունը պահպանվել է»,- շարունակեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմության քննադատությանը, թե այսօր խորհրդարանը վերահսկելի է և չկա իրական ընդդիմությունը, որը կարող է հակակշիռ լինել իշխանության, ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, թե խորհրդարանում կա ընդդիմություն, ավելին՝ ընդդիմության աշխատանքը տեսանելի է նաև արտախորհրդարանական ընդդիմությունը։

«Կարծում եմ՝ ինչ-որ առումով «բարի նախանձով» են ասում, որ իրական  ընդդիմության չկա։ Այլ բան է, որ Սահմանադրությունը՝ 2015 թ․-ի փոփոխություններով, խորհրդարանական ընդդիմության և ընդհանրապես ընդդիմությանը հնարավորություն չի տալիս առանձին հարցերում իր կամքը գերակա դարձնել իշխանության նկատմամբ, բայց սա արդեն օրենսդրական ու օբյեկտիվ խնդիր է։ Մենք, լինելով 18 հոգի ու ԲՀԿ-ն 26 հոգի, միևնույն է, չենք կարողանում իշխանության նկատմամբ պարտադրանքի միջոց օգտագործել, որ իր կամքը չթելադրի։ Միակ տարբերակը մնում է այն, որ  մենք առանձին պատգամավորների հետ աշխատենք ու առանձին հարցերում մեր կողմը թեքենք»,- շարունակեց նա։

Միևնույն ժամանակ պատգամավորը վստահ է, որ գործադիր իշխանության ղեկավարը, եթե վերջնական որոշում ընդունի, ապա խորհրդարանական մեծամասնությունը չի հակառակվի։

«Մեր խորհրդարանական մեծամասնությունը դեմ չի քվեարկի վարչապետի ընդունած վերջնական որոշմանը։ Այս առումով, այո, գործադիր իշխանությունը շատ -շատ մեծ լծակներ ունի օրենսդիր իշխանության՝  «Իմ քայլը» խմբակցության վրա»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։

 tert.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ