Մշակույթ - «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության համար առաջին հերթին սեր է հարկավոր

Մեծ ուշադրությամբ շարունակում եմ հետևել «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության և «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության ակտիվ գործունեությանը։ Վստահ եմ՝ «Հայֆիլմի» խնդիրները տղաներն այս տարի վերջնականապես կլուծեն, թե ի՞նչ գնով, դեռ չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա։ Բայց մենք բոլորս տղաների կողքին պետք է լինենք այն ժամանակ, երբ նրանք կարևորագույն պահին մեզ դիմեն՝ «Հայֆիլմին» վերջնականապես հատուկ կարգավիճակ տալով, բոլորիս անհայտ տնօրենի հրաժարականով, «Հայֆիլմի» ավանդույթներին նոր սկիզբ տալով և հաջորդ ֆիլմի ռեժիսորական «շարժիչի» ձայնը հենց «Հայֆիլմում» հնչեցնելով։ Իսկ նոր ֆիլմը, բնականաբար, կսկսվի «Հայֆիլմի» հայտնի տարբերանշանով։

Ռեժիսոր Հայկ Բաբայանը և սցենարիստ Հայկ Զաքարյանն այսօր անում են այն, ինչ նախորդ դարում ձեռնարկել են Համո Բեկնազարյանը և Դանիել Դզնունին։ Ճակատագրական այս կրկնությունը նույնիսկ մի քիչ վախեցնող է։ Մեկ դար առաջ նրանք էլ էին պնդել, որ կոպեկներով կարող ենք ստեղծել պետական կինոստուդիա, իսկ այսօր տղաներն ասում են՝ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության համար առաջին հերթին սեր է հարկավոր: Մեկ դար առաջ Բեկնազարյանը և Դզնունին պետական կինոստուդիա ստեղծեցին, որպեսզի ազգն ունենա իր կինոն, այսօր տղաները հայտարարում են, որ «Հայֆիլմը» հայ ժողովրդի հարստությունն է։ Տասնամյակներ առաջ մեծերը որոշեցին «Հայֆիլմում» ստեղծել իրենց պտղատու այգին, այսօր տղաները հայտարարում են, որ երբ իրենք սկսեն կառավարել «Հայֆիլմը», այնտեղ պետք է ստեղծվի նոր պտղատու այգի, և պտուղներից պետք է օգտվեն «Հայֆիլմի» աշխատակիցները, հյուրերը և հայ ժողովուրդը։

Ժողովրդավարությունն արդեն թակել է կինոյի դռները, և դա հրաշալի է։ Մի կողմ թողնելով ռոմանտիզմի բոլոր տարրերը՝ պետք է փաստեմ հետևյալը. եթե տղաները «Հայֆիլմի» բրենդը վերածնեցին, նրանք կմտնեն պատմության մեջ։ «Հայֆիլմի» և հայ կինոյի կառավարման գործում այսօր ես տեսնում եմ միայն այս թիմի տղաներին ու աղջիկներին։ Ես տղաներին և կազմակերպության ողջ թիմին արդեն ցանկանում եմ տեսնել «Հայֆիլմի» տարածքում՝ ակտիվ գործողությունների մեջ։ Մշակույթի գծով նորանշանակ փոխնախարար Արա Խզմալյանն ազգանվեր թիմի գործունեության զարգացման և ճիշտ ուղենիշի վրա տանելու հարցում ևս պետք է ակտիվություն ցուցաբերի։ Արա Խզմալյանը և «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն ամենաբարձր մակարդակով պետք է համագործակցեն։ Նույնը վերաբերում է նաև Հարություն Խաչատրյանին, Արայիկ Հարությունյանին, Նարեկ Բաբայանին, Մխիթար Հայրապետյանին և վերջապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հուսով եմ՝ հաջորդ հոդվածս արդեն կլինի փոփոխությունների և նոր անելիքների մասին։ «Հայֆիլմը» հայ ժողովրդի ազգային հարստությունն է, իսկ հարստությունը չի կարելի լցնել խոզերի առջև։ «Հայֆիլմը» պետք է գործի մշակույթի նախարարության ենթակայության ներքո, իսկ ղեկավարները պետք է լինեն հայ կինոյին և «Հայֆիլմին» մինչև վերջ նվիրված մարդիկ, և ամեն ինչ կլինի ավելի լավ, քան կարող էինք պատկերացնել։ Հայ կինոյի վերածնունդը նոր սերնդի ձեռքում է։

 

Արվեստաբան Դանի Կարապետյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ