Քաղաքական - Այս հարցը չպետք է անտեսել. Միքայել Մելքումյանը՝ Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցներին ազատելու մասին

Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին մտահոգել է Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցներին աշխատանքից զանգվածաբար ազատելու մասին լուրը։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս լուրը չպետք է անտեսվի եւ համապատասխան մարմինները պետք է հետամուտ լինեն՝ պարզելու արդյոք այն համապատասխանում է իրականությանը եւ որն է ազատումների պատճառը, ինքն էլ կապ է հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։

«Կապ եմ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ եւ նրան խնդրել եմ արագ պարզել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը։

Մեր պատկան մարմինները՝ սփյուռքի գծով հանձնակատարի գրասենյակը եւ Դոնի Ռոստովում մեր գլխավոր հյուպատոսությունը պետք է հետամուտ լինեն, որ սա դառնա քննարկման առարկա։ Ես՝ որպես տարածաշրջանային եւ եվրասիական հանձնաժողովի նախագահ, այս հարցը պահելու եմ ուշադրության կենտրոնում, այդ հարցը կբարձրացնեմ Պետդումայի իմ գործընկերների մոտ, հատկապես կքննարկեմ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին տեղակալ Վոդոլացկի Վիկտոր Պետրովիչի հետ, որը Ռոստովից ընտրված պատգամավոր է եւ տիրապետում է իր տարածքի խնդիրներին։ Այս հարցը չպետք է անտեսել»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աշխատանքից ազատում են  ազգային հատկանիշով պայմանավորված։

 
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ