Քաղաքական - Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Մեղադրանքն անհիմն է, իրեն առաջադրված մեղադրանքը դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում և նշում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ»,- ասաց Վարոսյանը։

Հիշեցնենք, որ ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Վերջերս Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել էր: ՀՔԾ-ից հաստատել էին, որ խուզարկությունը տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում:

Նշենք,որ ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պաշտոնական կեղծիք կատարելը.
պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ