Մշակույթ - Փիլիպոսյանն ու Ավետիսյանը ներողություն խնդրեցին Պարիս Հերունուց

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօրվա ասուլիսն ավելի քան բուռն ու թեժ էր, քանի որ քննարկվում էր հասարակության լայն շերտերին հուզող մշակութային մի խնդիր, այն է՝ Քարահունջի՝ աստղադիտարան կամ դամբարանադաշտ լինելու վերաբերյալ հարցը, իսկ բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Քարահունջ պատմամշակութային արգելոց-հնավայրում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, «Բնօրրան» ՀԿ նախագահ Հռիփսիմե Հարությունյանը, միևնույն ՀԿ անդամներ Աշոտ Ասլանյանը և Արևիկ Սարգսյանը՝ Պարիս Հերունու զարմուհին: Ընդամենը օրեր առաջ «Բնօրրան» ՀԿ-ի նախաձեռնությամբ վերոնշյալ մարդիկ ստորագրել են մի արձանագրություն, որի մասին «Բնօրրանի» ՖԲ պաշտոնական էջում նշված է հետևյալը.

 

-Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։

Քննարկումների/բանակցությունների նպատակն էր.
1. կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր և արդյունավետ միջավայր,
2. երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում՝ ապահովելով համագործակցության կառուցողական ուղղվածությունը,
3. առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։


Քննարկումների արդյունքում ստորագրվել է արձանագրություն, որտեղ արտացոլվել են համագործակցության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, գոյություն ունեցող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված քայլեր։

Պարոնայք Ավետիսյանն ու Փիլիպոսյանը նշեցին, որ արձանագրության ստորագրումը չի նշանակում, թե իրենք հրաժարվում են իրենց տեսակետից, սակայն ընդունում են, որ Քարահունջի՝ աստղադիտարան լինելու մասին վարկածը ևս գոյության իրավունք ունի և պետք է քննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու հետագա քննարկումներին:

Ներկաներից մեկը, խոսքն ուղղելով Պ. Ավետիսյանին և Ա. Փիլիպոսյանին, հիշեցրեց, որ նրանք իրենց հերթին, հակադիր կողմը՝ իր հերթին, իրար բազմիցս վիրավորել են և անհարիր կերպով արտահայտվել ինչպես միմյանց, այնպես էլ՝ Հերունու մասին:

Պատասխանելով այս նկատառմանը՝ պարոն Ավետիսյանը նշեց. «Ես հայտարարում եմ իմ անունից՝ եթե ես որևէ դեպքում ակադեմիկոս Պարիս Հերունու անձի նկատմամբ որևէ բան եմ ասել, այո, ես մեղանչել եմ, ես համոզված եմ, որ նրա նկատմամբ որևէ ձևակերպում, որ նրան կվիրավորեր, ինձ թույլ չեմ տվել, բայց եթե կարծում եք, որ կա, կամ ինչ-որ ձայնագրություն կա, որտեղ ասել եմ, այո, համարում եմ, որ արդարացի չեմ եղել, բայց ես վստահ եմ, որ նման բան չի եղել: Ես մարդու տեսակետի դեմ եղել եմ, բայց անձի նկատմամբ որևէ բան երբեք չեմ ասել»:

Միևնույն դիտարկմանը պարոն Փիլիպոսյանը պատասխանեց. «Ես շատ ելույթներ եմ ունցել, որքան հիշում եմ՝ ես երբեք թույլ չեմ տվել անձնապես որևէ վիրավորանք հասցնել Պարիս Հերունուն, իմ անհամաձայնությունը զուտ եղել է աստղադիտարանը, բայց եթե այդպես է ընկալվել, ապա ես գտնում եմ, որ անցել եմ սահմանը և ներողություն եմ խնդրում, եթե այդպիսի բան եղել է»:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ