Հասարակություն - Այցելությունը փախստականների ճամբար ազդեց իմ մտածելակերպի վրա. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների համար նախատեսված Ազրաք ճամբարում մասնակցել է ՄԱԿ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպված «Inspire together for peace» ծրագրին։
 ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսենը պատմել է ծրագրի իրականացման և իր մասնակցության մասին.
 «Ծրագիրն անցկացվում է ՄԱԿ-ի և ՄՕԿ-ի կողմից։ Առաջին անգամ նրանց են միացել Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։ Ծրագրին մասնակցելու համար Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը առաջարկել էր իմ թեկնածությունը. ենթադրում եմ, որ պատճառը իմ արդյունավետ և ակտիվ աշխատանքն էր աթլետների հանձնաժողովում։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում 4-5 տարբեր կոնֆերանսներում ներկայացրել եմ UWW-ին, և ենթադրում եմ, որ գոհ են արդյունքներից: Այնպես ստացվեց, որ օրերը հարմար ստացվեցին ինձ համար։ Հավաքներից հետ էի գալիս և ընդհամեը 5 օր ունեի ազատ, մինչև մյուս հավաքը, այցն էլ համընկավ այդ հինգ օրերի հետ։ Եվրոպական խաղերի ժամանակ հանդիպեցինք Նենադ Լալովիչի հետ և անձամբ շնորհակալություն հայտնեց, որ համաձայնվել եմ մասնակցել ծրագրին։ Քննարկեցինք տարբեր հարցեր՝ կապված և՛ այդ այցի , և՛ հետագա մեր աշխատանքի հետ»,-ասել է նա։

Առաջին օրը ծրագրի մասնակիցները ճամբարում գտնվող փախստական երեխաների հետ խաղեր են խաղացել և մարզում անցկացրել՝ սովորեցնելով ըմբշամարտի նախնական հնարքները, քանի որ բոլորը սկսնակ մակարդակի են։

«Հիմնական ծրագիրը երկու օր էր։ Առաջին օրը ավելի ազատ էր, ճանաչողական՝ առանց տեսախցիկների։ Առաջին օրը երեխաների հետ խաղացինք, մի քանի հնարք ցուցադրեցի, այսպես ասած՝ ըմբշմարատի այբուբենը։ Մարզահագուստ և մարզակոշիկ նվիրեցինք։ Երկրորդ օրը տեղի ունեցավ հիմնական ծրագիրը, որին ներկա էին Հորդանանի թագավորի եղբայրը, ՄԱԿ-ի փախստականների վարչության պետը, Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը, Օլիմպիական կոմիտեի ու ազգային ֆեդերացիաների աշխատակիցներ։ Ըմբշամարտի և թեքվոնդոյի ցուցադարական մարզումներ արեցինք, նաև սնունդ ու հագուստ բաժանվեց, երգեր եղան, և օրը տոնի վերածվեց»,- ասել է Արսենը։

Հայ ըմբիշը պատմել է նաև, որ առաջին անգամ էր փաստականների ճամբարում և տպավորությունները շատ երկակի են։

«Առաջին անգամ էր, մինչև այդ շատ էի կարդացել և ուսումնասիրել եղած ճամբարները, և չէի մտածի, որ կարող է մի օր հնարավորություն ընձեռվի այդ ճամբարներից մեկում լինել։ Ամբողջ աշխարհում եղած նմանօրինակ ճամբարների համեմատ՝ այս մեկը շատ բարեկարգ էր, միայն էլէկտրականության և ջրի խնդիր ունեին, և պարզ է՝ սննդի։ Ամսեկան մեկ անձին, եթե չեմ սխալվում, 20 դոլար էր հատկացվում, իսկ Հորդնանանը թանկ երկիր էր։ Պարզապես անհնար էր այդ գումարով ապրել։ Տպավորությունս շատ երկակի էր և յուրահատուկ։ Տեսա, թե մարդիկ ինչպես են ամեն օր պայքարում իրենց կյաքի համար, ինչպես են ուրախանում ամեն մի փոքր բանից՝ լինի հագուստ, թե փոքրիկ քաղցրավենիք։ Այս այցելությունը ազդեց իմ մտածելակերպի վրա։ Աննկարագրելի էր։ 50 000 փախստական՝ մի վայրում։ Եթե չեմ սխալվում, մոտ 15կմ շառավղով տարածք էր՝բազամաթիվ սպիտակ տնակներով, որտեղ ապրում են այդ մարդիկ։ Շատ յուրահատուկ փորձություն էր։ Կարծում եմ, որ այնտեղ եղած ցանկացած մարդ ավելի կկարևորի սեփական կյանքը և շատ բաների կսկսի այլ կերպ նայել»,- խոսքը եզարփակել է Արսեն Ջուլֆալակյանը։
aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ