Քաղաքական - «ՀՀ դատական իշխանությունը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, գտնվում է գործադիրի կոշիկի տակ». Լեւոն Բաղդասարյան

 

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանի կարծիքով, լավագույն ցանկության դեպքում անգամ Ստամբուլյան կոնվենցիան, որի շուրջ վերջերս աղմուկ է բարձրացել , Հայաստանի հանրապետության կողմից չի կարող վավերացվել, քանի որ կոնվենցիայի որոշակի դրույթներ հակասության մեջ են մեր Սահմանադրության հետ: Մասնավորաբար, ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածի հետ, որը փոփոխման ենթակա չէ: Այսօր, «Տեսակետ» մամուլի ակումբում, Լեւոն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ կոնվենցիան «ողջամտության սկզբունքով կքննարկվի» եւ համապատասխան եզրակացության կարժանանա: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր Ստամբուլյան կոնվենցիայի մասով դիմել Վենետիկի հանձնաժողով`կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ երկու դիմում էլ կա Սահմանադրական դատարանից`Ռոբերտ Քոչարյանին առաջադրվող 300.1 հոդվածի սահմանադրականության մասին կարծիք ստանալու ակնկալիքով: Անդրադառնալով այս հարցերին, փաստաբանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի կարծիքները խորհրդատվական կարծիքներ են, որոնք կարեւոր են: «Բայց ցավոք, ՀՀ-ում ՄԻԵԴ-ի որոշումներից դասեր չեն քաղել: ՀՀ դատական իշխանությունը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, գտնվում է գործադիրի կոշիկի տակ եւ խնդիրներ է առաջացնում պետության համար`ՄԻԵԴ-ում»:

Փաստաբանն անդրադարձավ նաեւ վերջերս նոր թափ ստացած գործընթացին `լրատվամիջոցների դեմ դատական հայցերին: Մասնավորաբար, իր կողմից ղեկավարվող ընկերությունում տասնյակ գործեր կան լրատվամիջոցների դեմ `աղանդավորների, դատական իշխանության ներկայացուցիչների, գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: «Եթե իրոք սա ուղղված է լրատվամիջոցներին լռեցնելուն, ապա չի հաջողվելու»,- հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը`հավելելով, որ բազմաթիվ նախադեպային որոշումներ ունենք, եւ եթե չի հաջողվել լրատվամիջոցներին լռեցնել ՀՀ որեւէ նախագահի օրոք, ապա հիմա առավել եւս չի հաջողվելու:

aravot.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ