Քաղաքական - Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը

«Պետք է ասեմ, որ սա ստանդարտ գործ չի Սահմանադրական դատարանի համար»,-ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերին։

Հիշեցնենք, որ գործերի վարույթները կասեցվել են ու ՍԴ-ն դիմել է ՄԻԵԴ-ին, Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Հարց-Հայաստանի քաղաքական, միգուցե նաև իրավական կյանքը կառուցվում է մեկ դատավարության շուրջ և դա առնչվում է Ռոբերտ Քոչարյանին և նախկին մյուս պաշտոնյաների։ Ակամայից Դուք և Սահմանադրական դատարանը հայտնվել եք կիզակետում։ Կասե՞ք, թե ինչով է պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ու Վենետիկի հանձնաժողովին։

Պատասխան-Անկեղծ ասած վերջին ժամանակահատվածում ուշի ուշով քաղաքական կյանքին չեմ հետևում և չեմ կարող Ձեր կարծիքը կիսել, որ քաղաքական կյանքն այդ դատավարության շուրջ է ծավալվում, բայց ընդհանրապես այն հանգամանքը, որ մի քրեական գործի շուրջ կարող է այն ծավալվել, լավ երևույթ չէ որևէ երկրի համար։ Ինչևիցե, չենք կարող ժխտել, որ կա մեծ հետաքրքրություն, թե քաղաքական շրջանակների կողմից, թե իրավական հանրության կողմից։ Եվ պետք է ասել, որ սա ստանդարտ գործ չի նաև Սահմանադրական դատարանի համար։ Բայց ոչ թե այն պատճառով, որ կա հանրային մեծ հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ վիճարկվող նորմն իր կառուցվածքով, բնույթով, բովանդակությամբ էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից։ Մասնավորապես այն հղում է պարունակում այլ իրավական ակտի, որը վերացականության աստիճանով ավելի ընդհանրական է։ Եվ երկրորդ, մենք երբևէ պրակտիկա չենք ունեցել, և փառք ու պատիվ, որ չենք ունեցել, այս նորմի կիրառման պրակտիկա։ Թերևս սրանով է պայմանավորված։

Բայց ինձ համար, Ձեզ վստահեցնում եմ, որ այն սովորական մի գործ է՝ անկախ քաղաքական ու իրավական հետաքրքրությունից։  Իմ և Սահմանադրական դատարանի մյուս դատավորների համար այն շարքային գործ է։ Երբեմն կատակով նշում եմ, որ պետք է ստացվող գործերից հանել անուն-ազգանունները,  որովհետև մենք վերջին հաշվով չենք որոշում այդ անձի մեղավոր լինելը, մեղսակցության աստիճանը, չենք որոշում նրա պատժաչափը։ Մենք միայն որոշում ենք, թե այն հոդվածը, որով վերջինիս մեղադրանք է առաջադրվում, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։

Հարցի երկրորդ մասին անդրադառնալով, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, հաշվի առնելով, որ գործ ունենք երկրի նախկին նախագահի հետ, եթե այլ դեպքերում, Սահմանադրական դատարանի սխալվելու 0.000001 տոկոսը կարող էր թույլատրելի համարել, ապա այս դեպքում՝ ոչ։ Այս դեպքում դա անթույլատրելի է։ Սրանով է պայմանավորված, որ այն ռեսուրսը, այն ներուժը, որը կա Եվրոպական դատարանում, կա Վենետիկի հանձնաժողովում, այս հարցի շուրջ այդ ներուժի չօգտագործումը, կարծում եմ շռայլություն կլիներ Սահմանադրական դատարանի համար։
Սա չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը չունի այդ ռեսուրսը այս գործն ամբողջությամբ քննելու, պարզելու համար։ Բայց, միջազգային կառույցներում հավաքված ռեսուրսը, որոնց մենք անդամակցում ենք, պետք է այս գործով օգտագործել։

Պետք է հիշել, որ ոչ Եվրոպական դատարանը, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովը չեն տալիս վերջնական վերդիկտներ, չեն էլ որոշում, այդ հոդվածը համապատասխանո՞ւմ է Եվրոպական կոնվենցիային։ Առավել ևս նրանք չեն կարող որոշել սահմանադրականության հարց։ Բայց նրանց վերլուծությունները, փորձառությունը, եվրոպական այլ երկրների փորձի ուսումնասիրությունը, իրենց դատական պրակտիկայի ամփոփումը, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում՝ մասնավորապես քրեական օրենքի որոշակիության շրջանակներում, սրանք մեզ օգնելու են, աջակցելու են,  սրանք մենք կարևորելու ենք այս գործով որոշում կայացնելու համար։ Կրկնում եմ, վերջնական որոշում այս գործով կայացնելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը։

Ինչպես արդեն նշեցի, դրանք խորհրդատվական կարծիք են, ընկերոջ աջակցություն են, և սա այն դեպքն է, որ այդ աջակցությունն անհրաժեշտ է, չեմ ուզում պարտադիր բառն օգտագործել, բայց եթե մի դեպք կար, որ պետք է օգտագործեինք, հենց այս դեպքն է։
Պետք է ասեմ, որ սա նոր ինստիտուտ է մեզ համար, այն ուժի մեջ է մտել անցած տարվա օգոստոսից և ասել, որ մեծ թվով դիմումներ կան եվրոպական դատարան՝ ոչ չկան, դրանք մեկ տասնյակի են հասնում, եթե չեմ սխալվում։
Վստահ եմ, որ մենք այդ կարծիքները հնարավորինս շուտ կստանանք ու կվերսկսենք այս գործերի վարույթը։
 

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ