Հասարակություն - Ծնողները պահանջում են չուղղորդել դպրոցի տնօրենի ընտրությունները

Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցի տնօրենի ընտրությունների շուրջ կրքերը չեն հանդարտվում, ավելին՝ թեժանում են: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը և մի խումբ ծնողներ՝ Էվելինա Բաբայանը, Քնքուշ Սերոբյանը և Նորայր Մինասյանը, մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու համար խնդիրը, որը, ինչպես իրենք կեսկատակ-կեսլուրջ նշում են, երևի արդեն բոլորին է հայտնի: Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ տնօրենի՝ մայիսի 15-ին անցկացված ընտրության արդյունքում այդ պահին տնօրենի ժ/պ Մաշա Իվանյանը չէր ընտրվել՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամների կողմից չստանալով բավարար ձայներ, ինչն էլ հարուցել էր ծնողների զայրույթը և տարակուսանքը, թե ինչու պիտի ԿԳՄՍ կողմից լավագույն տնօրեն ճանաչված Մաշա Իվանյանը չընտրվի: Հաջորդ օրը նրանք երեխաների և ուսուցիչների հետ հանպատրաստից ինքնակազմակերպվել են, դուրս եկել դասադուլի: Տեղեկացնելով ոստիկանին և թույլտվություն ստանալով՝ նրանք երթով շարժվել են մարզպետարան, որտեղ, ըստ տիկին Հակոբյանի, իրենց համար պարզ դարձավ, որ մարզպետն այլևս չի ցանկանում աշխատել տիկին Իվանյանի հետ, թեև մինչ այդ վստահեցնում էր, որ մարզպետարանը տնօրենի ընտրությունների հետ կապ չունի: «Մարզպետը մեզ ասաց՝ ի՞նչ գործ ունի մարզպետարանն այս ընտրությունների հետ, իսկ առանձին հանդիպման ժամանակ ասել էր, որ կառավարման խորհրդի անդամներից ամեն մեկն իր ձայնի տերն է, ինքը ոչ մեկին ոչինչ չի կարող ասել, մանավանդ իր լիազորած անդամին, սակայն նրանք պիտի հաշվի նստեն իր կարծիքի հետ»,-նշեց տիկին Հակոբյանը և հավելեց. «Կարծում էինք, որ մարզպետը մեզ պիտի ասեր՝ հարգելի՛ ծնողներ, ոչինչ, որ չի ընտրվել, մի՛ նեղվեք, պնդում եք, որ ուղղորդու՞մ կա, ես կստեղծեմ այնպիսի իրավիճակ, որ ուղղորդումներ չեն լինի հաջորդ ընտրություններին, ես այնպես կանեմ, որ արդար լինի ամեն ինչ»:

Խոսելով դպրոցի կառավարման խորհրդի մասին՝ տիկին Հակոբյանն ասաց, որ մարզպետի հրամանով փետրվարի 19-ին խորհրդի կազմը փոխվել է, և իրենք կարող են փաստաթղթերով հիմնավորել, որ նոր կազմը հաստատվել է ժամկետների խախտումով և առանց նախարարության ներկայացուցչի: Նրանց համար տարօրինակ է նաև այնտեղ փոխքաղաքապետի և իր հարսի ներկայությունը, քանի որ, ըստ բանախոսների, մի տեղում մեկ ընտանիքից երկու անդամի ներկայությունը ստեղծվում է անհավասար իրավիճակ, որն էլ կարող է բերել շահերի բախման:

Ծնողները նշեցին, որ, չնայած այս ամենին, մարզպետն իրենց վստահեցրեց, թե ուղղորդում չկա, մինչդեռ ընտրություններից առաջ հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև կառավարման խորհրդի նախագահը և մարզպետարանի իրավաբանը, մարզպետն ասել էր, թե Իվանյանը թույլ է տվել չարաշահումներ: Ըստ ծնողների՝ նշված մարդկանց ներկայությամբ նման հայտարարություն անելն արդեն իսկ ուղղորդում է նշանակում:

Ի դեպ՝ նոր մրցույթը նշանակված է հուլիսի 31-ին, որտեղ, բացի տիկին Իվանյանից, հայտ են ներկայացրել երկու փոխտնօրեններ, իսկ անցած ընտրությունների միակ թեկնածուն հենց Իվանյանն էր: «Մարզպետարանից մեզ ասում էին, որ Իվանյանը ստիպել է, որ ոչ ոք թեկնածություն չդինի: Սակայն այսօր ո՞վ կարող է ինչ-որ մեկին ինչ-որ բան ստիպել: Իսկ տիկին Իվանյանն այնքա՛ն հարգված տնօրեն է, նա կոմունիստական դպրոցը հիանալի կրթօջախ է դարձրել»,-ասաց ծնողական խորհրդի նախագահը: Հ. Հակոբյանը նաև նշեց, որ սկզբնական շրջանում իրենք կարծում էին, թե մարզպետարանն ունի իր նախընտրած թեկնածուին, որովհետև, նրա խոսքով, «մի հոգու անընդհատ մի տեղ ուզում էին խցկել, բայց չէր ստացվում»: Սակայն այսօր, երբ նոր մրցույթ է հայտարարվել, այսպես ասած՝ դրսից ոչ ոք թեկնածություն չի առաջադրել:

Լրագրողներին հետաքրքրեց, թե միգուցե տիկին Իվանյանը ՀՀԿ-ական է, դրա համա՞ր չեն ցանկանում նրա պաշտոնավարման շարունակումը, սակայն ծնողները պատասխանեցին, որ իրենք ևս նույն հարցով դիմել են մարզպետին, որն էլ պատասխանել է, թե մարզպետարանի գրեթե 90 տոկոսը հանրապետական է, եթե այդպես լիներ, բոլորին պիտի ազատեին աշխատանքից, հետևաբար՝ նման խնդիր չի կարող լինել:

Ծնողները տիկին Մաշա Իվանյանի մասին միայն գովեստով էին արտահայտվում, նշում 17 տարվա նրա պաշտոնավարման ընթացքում դպրոցի ունեցած ձեռքբերումները և վստահություն հայտնում, որ իրենք ապահով են զգում իրենց երեխաների համար, քանի որ դպրոցը հոգատար մարդու ձեռքերում է: Նրանք նշեցին, որ դիմում-բողոքներ են ուղարկել ինչպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԱԺ Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին, այնպես էլ՝ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով դադարեցնել դպրոցի կառավարման խորհրդի լիազորությունները և հետևել, որ ընտրություններն անցկացվեն առանց ուղղորդումների:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ