Քաղաքական - Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը. ուղիղ

 

 

 

 

 

 

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:

 

 

Դատարանը նախորդ նիստին ամբողջությամբ մերժել էր պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը: Նա միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ հնարավոր չէր ապահովել Մանվել Գրիգորյանի ներկայությունը՝ նրա առողջական խնդիրներով պայմանավորված. «Նաիրի» ԲԿ-ից դատարանին համապատասխան գրություն էին ուղարկել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Արման Գրիգորյանը հետախուզվում է, իսկ Մանվել Գրիգորյանը 2018 թ-ի հունիսի 16-ին ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ