Կրթություն - Փորձում ենք ճանապարհներ գտնել, որպեսզի երիտասարդի՝ օրվա հացի գումար վաստակելու խնդիրը չդառնա պետությունը լքելու հիմք

«Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մյունխենում՝ հունիսի 24-27-ն անցկացված «Laser World of Photonics» համաժողով-ցուցահանդեսի ընթացքում:

 

Մրցանակակիրը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն է: Նրա հետ զրուցել ենք մրցանակի, գիտության ոլորտի խնդիրների, երիտասարդ կադրերի՝ Հայաստանը լքելու ու այլ հարցերի շուրջ:

 

Անսպասելի էր, որ Հայաստանն այս տարի ուշադրության արժանացավ

 

«Մրցանակը սահմանվել է 2006 թվականից: Ըստ էության, ոչ միայն գնահատվում է տվյալ անձի գիտական արժանիքը, այլ այն, թե նա ի՞նչ դեր է ունեցել օպտիկայի, ֆոտոնիկայի ոլորտի զարգացման հարցում: Մինչև վերջերս այդ մրցանակին արժանացել էին ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի ներկայացուցիչներ: Անսպասելի էր, որ Հայաստանն այս տարի ուշադրության արժանացավ: Հաղթանակը մեր գործընկերների, համախոհների շնորհիվ է: Փորձում ենք այս ուղղությունը զարգացնել, նպաստել ոլորտի զարգացմանը: Երբ ստացա մրցանակը՝ իմ շնորհակալական խոսքում Հայաստանի հետ կապված որոշ թվեր ներկայացրեցի, որպեսզի մեր արտասահմանցի գործընկերները պատկերացում ունենան, չնայած շատերն ասացին, որ տեղյակ են: Օպտիկայի ոլորտում կա միջազգային գիտական ռեյտինգավորման համակարգ, որտեղ Հայաստանը բացարձակ արժեքներով 200 երկրների թվում զբաղեցնում է 56-րդ տեղը: Ես նշեցի, որ, եթե համապատասխան երկրների ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվի առնենք, Հայաստանը դառնում է միանձնյա առաջատար: Այսինքն, աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձրն է: Քիչ ծախսված գումարով ստացվում է առավելագույն արդյունքը»:

 

Եթե չունենանք հզոր արդյունաբերություն, մեզ հետ հաշվի չեն նստի

 

«Այսօրվա գիտությունը վաղը դառնում է արդյունաբերություն: Օրինակ՝ այսօր բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են լազերային տեխնոլոգիաները՝ թե՛ վիրահատության, թե՛ ախտորոշման, թե՛ թերապևտիկ համակարգերում: Լազերներն օգտագործում են նաև ռազմական մշակումներում: Արդեն համակարգված մոտեցում է երևում գիտությունը և կրթությունը ռազմաարդյունաբերության համար ծառայեցնելու համար: Մեր ինստիտուտը հիմա միջազգային լայնածավալ համագործակցության մեջ է ընդգրկված, ֆինանսավորման շոշափելի մասը ստանում ենք միջազգային տարբեր կազմակերպություններից, իսկ պետության կողմից ֆինանսավորման ծավալը շատ ցածր է: Մենք խոսեցինք ՀՆԱ-ի մասին՝ որպես բացարձակ տնտեսական ցուցանիշ, իսկ Հայաստանում գիտության զարգացման համար ՀՆԱ-ի 0.25 տոկոսն է հատկացվում, երբ որոշ երկրներում դա հասնում է երեք տոկոսի: Բնական է, որ ֆինանսական խնդիր կա: Գիտությունը Հայաստանի զարգացման համար անհրաժեշտություն է: Մենք այլ տարբերակ չունենք, պետք է գանք բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Եթե մենք չունենանք հզոր տնտեսություն, որն առաջին հերթին՝ արդյունաբերությունն է, հեռանկար չենք ունենա, այլ երկրները մեզ հետ հաշվի չեն նստի»:

 

Փորձում ենք ճանապարհներ գտնել, որպեսզի երիտասարդի՝ օրվա հացի գումար վաստակելու խնդիրը չդառնա պետությունը լքելու հիմք

 

«Առաջնահերթ է ուղեղների արտահոսքը կանխելը: 10 տարի է՝ տնօրեն եմ, միշտ ինձ համար վերլուծություն եմ կատարում: Շատ ուժեղ ուղեղների արտահոսք եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո, ապա շատ երիտասարդներ այստեղ կրթություն էին ստանում, 1-2 տարի աշխատում, հրավեր էին ստանում արտերկրից ու մեկնում էին: Գործընթացը արագ տեմպերով սկսվեց, բայց հիմա, շատերը վերադառնում են՝ հասկանալով, որ այլ երկրում հաստատվելն էլ այնքան հեշտ գործ չէ: Երիտասարդ են եղել, ինչ-որ ծրագրով գնացել են, բայց հետո ամրապնդվելը, կարիերան շարունակելը լուրջ խնդիր է: Հիմա ավելի շատ ներքին արտահոսք է, այսինքն, գիտությունից գնում են դեպի ՀՀ բարձր տեխնոլոգիական ընկերություններ: Փորձում ենք ճանապարհներ գտնել, որպեսզի երիտասարդի՝ օրվա հացի գումար վաստակելու խնդիրը չդառնա պետությունը լքելու հիմք: Թող զբաղվեն գիտությամբ՝ ներգրավված լինելով ինչ-որ ծրագրերում, բայց երկրի ներսում: Հավելեմ, որ նույնիսկ այս սուղ պայմաններում միջազգային ծրագրերում ներգրավվածությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս արժանավայել աշխատավարձ ստանալ՝ մնալով գիտության ոլորտում: Այստեղ միակ խնդիրն ակտիվությունն է: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում շատ երիտասարդներ կան, որ ինձանից շատ գումար են ստանում՝ իրենց ակտիվության շնորհիվ»:

 

Մենք բիզնեսի հետ տարբեր լեզուներով ենք խոսում ու իրար չենք հասկանում

 

«Գիտնականը շատ գեղեցիկ մշակում է կատարում, մոդել, ոգևորվում են՝ ասելով, որ կարող է շատ մեծ օգուտ բերել, բայց դրանից հետո գալիս է բիզնես-պետություն-գիտություն պատը: Մենք բիզնեսի հետ տարբեր լեզուներով ենք խոսում ու իրար չենք հասկանում: Պետությունը պետք է նպաստի, որ գիտական մշակումը շուկա դուրս բերելիս խոչընդոտ չլինի: Մեխանիզմներ չկան գիտական մշակումը արդյունաբերության ոլորտում կյանքի կոչելու համար: Զարմանալիորեն դա շատ ավելի հեշտ է անել միջազգային կազմակերպությունների հետ, քան մեր երկրում: Արտերկրում գիտնականներին խնդիրներ են առաջադրում, որպեսզի նրանք լուծումներ գտնեն: Ես մեծ հաճույքով կաշխատեի մեր արդյունաբերական ընկերությունների համար, բայց, ցավոք, այն մշակումները, որ մենք ենք անում, երևի մեր արդյունաբերությունն այսօր պատրաստ չէ դրանք յուրացնելուն: Հանդիպումներ եղել են ՀՀ գործարարների հետ, իրենք ասում են՝ շատ լավ, եթե մի բան պետք լինի, ու դիմեմ ձեզ, կասեք՝ անհրաժեշտ է երեք տարի, որ ծանոթանանք խնդրին, փորձենք մշակում անել: Եթե չստացվի ձեզ մոտ մշակումը, իմ գումարը կորելու է, դուք էլ պետական կազմակերպություն եք, չեմ կարող որևէ բան պահանջել: Ավելի հեշտ է՝ մեկին գտնեմ, ուղարկեմ Իտալիա, գնա, օրինակ, տեսնի հոսքագիծն ու գա սարքի, եթե չստացվի՝ իրենից կարող եմ գումարը վերցնել, և այլն: Բիզնես ոլորտի մարդիկ, երբ գումար են ներդրում այստեղ, ուզում են, որ 1-2 տարվա ընթացքում այդ ամեն ինչը հետ վերադառնա: Ուրիշ երկրներում այդպես չէ, ունեն հեռանկարային ռազմավարական ծրագրեր: VOLSVAGEN-ի հետ ենք աշխատում: Մեքենա արտադրող ընկերություն է, սակայն ներդնում են կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի և այլ ոլորտներում՝ իմանալով, որ ուշ թե շուտ պետք է փորձեն դիվերսիֆիկացնել: Նրանք մտածում են հետագայի մասին: Փառք Աստծո, հիմա կան բարձր տեխնոլոգիական ստարտափ ընկերություններ, դա մի քիչ մեզ հուսադրում է, հետադարձ կապ կարող է լինել, օգտակար կարող ենք լինել իրար»:

 

168.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ