Քաղաքական - Իշխանության որոշելիքն է՝ թքել, թե չթքել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական տեսակետի վրա. Նաիրա Զոհրաբյան

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը, որում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ նկատառումներ կան, սպասելի էր: Վենետիկի հանձնաժողովը չէր կարող շեղվել իր հիմնարար արժեքներից, և օրինակ, իրավական խնդիրները քաղաքական դաշտ տեղափոխելու փորձերը չհամարեր հակաօրինական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դեռևս ամիսուկես առաջ, իմ հրապարակային գրեթե բոլոր ելույթներում նշել եմ, որ եթե շարունակեն իրավական խնդիրները փորձել լուծել քաղաքական գործիքներով, Վենետիկի հանձնաժողովի գնահատականը լինելու է այսպիսին: Ավելին` Ստրասբուրգում հունիսյան նստաշրջանի ժամանակ, երբ ես հանդիպեցի Վենետիկի հանձնաժողովի իմ գործընկեր փորձագետի հետ, իմ մտահոգությունները փոխանցեցի, «Իմ քայլի» իմ գործընկերները նշեցին, որ մեկ փորձագետի գնահատականը դա դեռևս Վենետիկի հանձնաժողովի գնահատականը չէ: Այդ ժամանակ ինձ համար արդեն իսկ ակնհայտ էր՝ հանձնաժողովի գնահատականն ինչպիսին է լինելու»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ դատական համակարգն ունի ամբողջապես բարեփոխման կարիք, բայց դրա գործիքը չպետք է լինի քաղաքական:

«Հիմա գնդակն իշխանության դաշտում է: Իշխանությունն ինքը պետք է որոշի՝ կա՛մ թքում ենք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական տեսակետի վրա, կա՛մ հավատարիմ ենք մնում 2001 թ.-ին մեր ձեռքով ստորագրած արձանագրությանը, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնում ենք հանձնառությունը՝ հետևել և կատարել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները: Թքե՞լ, թե՞ չթքել, սա է խնդիրը: Այս խնդիրը պետք է որոշի իշխանությունը»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում են Վենետիկի հանձնաժողովի արձանագրության վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք ըստ Նաիրի Զոհրաբյանի՝ դեժավյուի տպավորություն են թողնում:

«Ներկա իշխանությունները նախկինի նման միջազգային կառույցների գնահատականներին հետևյալ կերպ են արձագանքում՝ որն իրենց ձեռնտու է, ասում են՝ շատ կարևոր է, որը ձեռնտու չէ, ասում են՝ միջազգային կառույցների եզրակացություններն իրավական ուժ չունեն, դրանք ընդամենը խորհրդատվություններ են»,- նկատեց պատգամավորը:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ