Քաղաքական - ՀՀ-ի համար մտահոգվելու պատճառ կարող է դառնալ ՌԴ-ի և Թուրքիայի միջև այլ սպառազինության վաճառքի հնարավորությունը․ Գևորգ Պետրոսյան

Tert.am-ը թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ զրուցել է ռուսական C-400 համակարգեր ձեռք բերելու ռուս-թուրքական գործարքի իրականացման և հետևանքների վերաբերյալ: Նա նշեց, որ Հայաստանի համար մտահոգվելու պատճառ կարող է դառնալ, եթե ապագայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև այլ սպառազինության վաճառքի հնարավորություն, ինչպես և այլ տեսակի ու բնույթի ռազմական համագործակցություն լինի:

-Պարո՛ն Պետրոսյան, երեկ ռուսական C-400-ի առաջին խմբաքանակը հանձնվեց Անկարային: Ի սկզբանե թվում էր, որ այս գործարքն իրականություն չի դառնա: Ի՞նչը նպաստեց, որ Թուրքիան` հակառակ փաստի, որ ՆԱՏՕ-ի անդամ է և իր դաշնակցի՝ ԱՄՆ-ի դիմադրության, կարողացավ այն ձեռք բերել:

- Իրականում, վերջին շրջանում առավել սպասելի էր, որ գործարքն իրականություն է դառնալու: Թուրքիան ինքնուրույնություն է ցուցաբերում այս հարցում, ինչն ուղերձ է ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլ նաև իր ներքին լսարանին: Թուրքիայի «հակաօդային» այս ոդիսականում սերտ միախառնված են արտաքին ու ներքին քաղաքականությունը, ֆինանսը, ռազմական գործոնը:

Թուրքիան իրապես կարիք ունի հակաօդային պաշտպանության նման զինատեսակների, ինչը վերջին տարիներին ակտիվորեն փորձում էր լուծել՝ հայացքն ուղղելով ոչ միայն ՆԱՏՕ-ին ու ՌԴ-ին, այլ նաև Չինաստանին: Եվ եթե սկզբում Թուրքիայի ՀՕՊ համակարգի համալրումն ավելի շատ ներկայացվում էր ռազմական նպատակներին ծառայելու քողի ներքո, ապա հատկապես ռուսաստանյան տարբերակի կյանքի կոչվելուն պես քաղաքական գործոնը դարձավ գերիշխող, իսկ ռազմականը՝ երկրորդական: Խոսքը, իհարկե, լրատվության մատուցման ձևի և մեկնաբանությունների մասին է: Այնուամենայնիվ, այս հոսքում, որտեղ գերակշռում են քարոզչությունն ու քաղաքականությունը, ռազմական գործոնն անտեսելը սխալ է՝ Անկարային նման համակարգեր խիստ անհրաժեշտ են, և սա Թուրքիայի զինված ուժերի թույլ օղակներից է: Պաշտոնական Անկարան փորձում է այս դեպքում խաղի իր կանոնները թելադրել, սակայն այդ ամենն անհետևանք չի լինելու, և Անկարայում այդ մասին լավ գիտեն:

-Այս գործարքը, շատերի կարծիքով, նաև վկայում է Ռուսաստանի և Թուրքիայի առավել մտերմանալու մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ․ ի՞նչն է կապում երկու երկրներին այս գործարքում՝ ֆինա՞նսը, քաղաքական մտերմությու՞նը, թե՞ այլ բան:

- Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին շրջանում դրական դինամիկա է նկատվում, ինչն արդյունք է ոչ միայն երկուստեք տնտեսական մեծ հետաքրքրությունների, այլ նաև ՝այդ երկրների՝ երրորդ երկրների հետ հարաբերություններում առկա զարգացումների ու խնդիրների: Դրական դինամիկան մեծապես անդրադառնում է տնտեսական համագործակցության վրա, ինչպես և հենց այս համագործակցությունն էլ թելադրում է այլ ուղղություններում զարգացումը: Այնուամենայնիվ, մի շարք կարևոր խնդիրներ Անկարայի և Մոսկվայի միջև ոչ մի տեղ էլ չեն անհետացել. այժմ շատ բարդ է խոսել երկուստեք հարաբերությունների մակարդակում խորքային, ռազմավարական փոփոխությունների մասին:

-Ռազմատեխնիկական ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունը արդյոք չի՞ վտանգում Հայաստանի անվտանգությունը: Որքանո՞վ է այս գործարքը մեզ առնչվում:

-Այստեղ պետք է ավելի լայն նայել պատկերին և չկենտրոնանալ միայն C-400-ի վաճառքի վրա: Իր բնույթով այն պաշտպանողական բնույթի համակարգ է, սակայն այստեղ կարևորը ռազմական համագործակցության հաջող փորձն է, ինչն էլ արդեն մտահոգվելու պատճառ կարող է դառնալ, եթե նայեք ապագայում այլ սպառազինության վաճառքի հնարավորությանը, ինչպես և այլ տեսակի ու բնույթի ռազմական համագործակցությանը: Ընդհանրապես, եթե առավել ընդհանրացնենք, ՀՀ-ի շահերից բխում է Թուրքիա-ՌԴ հավասարակշռված հարաբերությունները, քանի որ և ծայրահեղ դրական, և ծայրահեղ բացասական զարգացումների դեպքում մենք կարճ ժամկետի տեսանկյունից շահեկան դիրքում չենք լինելու:

- Экспорт вооружений ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը իր հարցազրույցներից մեկում վարկած է առաջ քաշել, որ C-400-ները տեղակայելու են Անկարայում և Հայաստանի հետ սահմանում: Ի՞նչ են վկայում թեմայի հետ կապված Ձեր ուսումնասիրությունները՝ որքանո՞վ է դա հավանական, ի՞նչ արձագանք դա պետք է ունենա Հայաստանում: Արդյոք նման սցենարը մեր ռազմավարական դաշնակից ու զենքի մատակարար Ռուսաստանը չպե՞տք է կանխի:

-Առավել տրամաբանական կլինի առաջին փուլում դրանց տեղակայումը Սիրիայի և Իրաքի մոտ սահմանին, ինչն էլ վերջին տարիներին Թուրքիան անում էր ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ համաձայնությամբ, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ տրամադրում էին ՀՕՊ մարտկոցներ՝ թուրք-սիրիական սահմանին մոտ տեղակայելու համար: Իհարկե, C-400-ը Թուրքիային պետք է նաև Հունաստանի սահմանին, սակայն այս դեպքում, կարծում եմ, ՆԱՏՕ-ն առավել սուր կարձագանքի, և այս փուլում Անկարան կխուսափի նման սցենարից՝ հարաբերությունների լարվածությունն առավել չխորացնելու համար:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ