Քաղաքական - Ինձ համար ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ ես գտնվել եմ բանտում. Փաշինյանը խոսեց նաեւ Սորոսի մասին

Ինձ համար ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ ես գտնվել եմ բանտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ ես երբ ընդհատակ անցա, ես այդ ժամանակ ամենամեծ լսարանն ունեցող թերթի խմբագիրն էի, եւ երբ ես 3,5 տարի անցկացրի ընդհատակում եւ բանտում, ես դուրս եկա եւ տեսա, որ տպագիր թերթ հասկացությունը դարձել է անիմաստ: Դա իմ ամենամեծ շոկն էր»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, հեղափոխության ժամանակ իշխանության համար իրավիճակը դարձավ անկառավարելի եւ բեկում մտավ, երբ պարզվեց, որ դպրոցականները դուրս են եկել փողոց եւ ուզում են անել հեղափոխություն:

«Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ ամենակարեւոր հասկացություններն են ընտանիք, երեխա, օջախ: Երբ ծնողները տեսան, որ դուրս են եկել իրենց երեխաները եւ իրենց երեխաներին վտանգ է սպառնում, ծնողն ի՞նչ պետք է անի: Պետք է զանգի, ասի՝ շուտ տուն արի: Երեխաները պարզվեց, իրար նայելով, մեկը մյուսից ամաչելով չեն գնում տուն: Այդ դեպքում ծնողները պետք է դուրս գային եւ իրենց երեխաների կողքը կանգնեին: Եվ պարզվեց՝ ամբողջ Հայաստանը հեղափոխության շարքերում կանգնած է:

Ոմանք հեղափոխությունը կապում են չգիտես ինչերի հետ, ասում են՝ Սորոսը, Պողոսը, Պետրոսը, Արեւմուտքը, Հյուսիսը, Հարավը: Ես ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակում հայկական հեղափոխություն է: Այստեղ օտար ԴՆԹ-ի նշույլ անգամ չկա: Միակ օտար բանը, որ մեր հեղափոխությունում եղել է, դա «Այֆոնն» ու ֆեյսբուքն են: Սա եղել է մաքուր հայկական հեղափոխություն՝ հենված հայկական ավանդական արժեքների վրա, բայց այդ արժեքներին հաղորդել է 21-րդ դարի բնույթ»,-ասաց վարչապետը:

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ