Տնտեսություն - Դեռ հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ. փոխվարչապետ (տեսանյութ)

Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է, ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


«Չեք պատկերացնի, թե ինչքան շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռևս ենթակա են քննարկման։ Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու», - ասաց Մհեր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, թե դեռ հստակ չէ՝ սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ։

Դիտարկմանը, թե ռուս փորձագետներն ասում են, որ 2020 թվականից Հայաստանի համար գազի գինը չի իջնելու, ավելին՝ բարձրանալու է, Մհեր Գրիգորյանն արձագանքեց.

«Ես այդ փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որևէ ֆունդամենտալ պատճառ»։

Մյուս հարցին, որ գազի գինը դեռ ցածր է մնում «Գազպրոմ» ընկերության խնայողությունների հաշվին, և դա որքա՞ն կարող է ձգվել, Մհեր Գրիգորյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, անվերջ չի կարող ձգվել, բայց արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ»։

Ինչ վերաբերում է Իրանից ավելի մատչելի գազ գնելուն, դրա քաղաքական կամքին, փոխվարչապետն ասաց.

«Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ մեր հայրենակիցների շահերով և այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի։ Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է բանակցվի»։

Փոխվարչապետն ասաց նաև, որ մոտ ժամանակներում «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ սակագնի բաղադրիչները քննարկելու համար։

 

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ