Քաղաքական - Առնվազն ինձ համար զարմանալի է՝ մեկ տարի անց այդ արարողությունը կազմակերպելը. Վլ. Վարդանյանը՝ ԲԴԽ անդամ Տավարացյանի երդմնակալության մասին

ԲԴԽ-ն, որը պատասխանատու է լինելու վեթինգի գործընթացի իրականացմանը, առաջինը հենց իրենք պետք է անցնեն վեթինգ՝ անկախ նրանից ում կողմից են առաջադրվել, երբ են առաջադրվել․ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից հրավիրված այսօրվա ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են գնահատում երեկ տեղի ունեցած ԲԴԽ անդամների ընտրությունը և արդյոք այդ կազմով հնարավո՞ր է իրականացնել արդյունավետ ու անաչառ վեթինգ։

«Ի վերջո, այն կազմը, որ կունենանք, պրոցեսը սկսելուց առաջ իրենք կանցնեն այդ գործընթացը։ Ինչ վերաբերում է նոր անդամներին, ես չեմ կարող դատեմ, որովհետև իրավաբան չեմ, բայց այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության, առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,-ասաց նա։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ տվյալ դատավորի բարեվարքության ստուգումը՝ վեթինգը, դա պերմանենտ գործընթաց է, որը պետք է իրականացվի բոլոր պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնյաների նկատմամբ։

«Այո, կա հնարավորություն, հատկապես բարձրագույն դատական ատյանների դեպքում, որ այդ վեթինգի գործընթացում այդ մարմինը նախատեսի գործընթաց և հենց այդ մարմինը շարունակի գործել ինքնամաքրման ճանապարհով և սա եզակի դեպք չէ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ԲԴԽ ձևավորմանը և դրանց ընտրություններին, Վարդանյանն ասաց, որ ԲԴԽ-ն այն եզակի մարմինն է, որը ձևավորվում է երկու կառույցների կողմից՝ ԱԺ-ի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

Նա նաև ասաց, որ ԱԺ-ում փորձել ենք այնպիսի թեկնածուներ ներկայացնել, որոնք վայելում են ոչ միայն իրենց, այլև բոլոր խորհրդարանական ուժերի աջակցությունը։

«Մենք իրավունք չունենք որևիցե եղանակով ներխուժել դատավորների ընդհանուր ժողովի աշխատանքներ, որովհետև դա կդիտարկվի որպես սահմանադրական մի շարք նորմերի խախտում, բայց ինչ վերաբերում է երեկվա ընտրությանը, չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, որովհետև եթե օրենքով սահմանված կարգով է իրականցվել՝ պետք է հարգել,-ասաց Վարդանյանը:

Նա միաժամանակ հավելեց. «Բայց առնվազն ինձ համար զարմանալի է՝ մեկ տարի անց այդ երդմնակալության արարողությունը կազմակերպելը, այն պարագայում, երբ կարծես տիկին Տավարացյանը նախկինում ներկայացրել էր հրաժարականի դիմում և այդ դիմումը մնացել է անհետևանք։ Սա որոշակի առումով անհասկանալի է և գուցե բավական լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար»։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս գործընթացը չի կարող որևիցե ձևով բարձրացնել ԲԴԽ-ի հեղինակությունը. «Ինձ թվում է՝ դատավորների ընդհանուր ժողովը պետք է հաշվի առնի, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բոլորս և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում և դատական իշխանությունում փորձում ենք հնարավորինս բարձրացել վստահելիության այն շեմը, որ լինի անկախ ու վստահելի դատական իշխանություն»։

Իր հերթին, Լիլիթ Մակունցը հավելեց, որ ԲԴԽ-ի հետ կապված մտադիր էին անցած տասնօրյա ժամկետում թեկնածու ներկայացնել, բայց դա չի ստացվել անել։ «Կփորձենք անել հաջորդ տասնօրյա ժամկետում: Մի քանի թեկնածու է դիտարկվում և նրանց կողմից համաձայնության պարագայում կներկայցենք»,-ասաց նա և նշեց, որ ընտրությունը արդեն սեպտեմբերին է լինելու։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ