Քաղաքական - Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին` անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց Մ. Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր հայտարարել էր, որ դատարան է ստացվել Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։ Մեղադրող դատախազները առարկել էին։
Այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր առողջական վիճակի պատճառով։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լ. Բաղդասարյանն ասաց, որ խափանման միջոց կալանավորումն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերել են անկանխատեսելի վիճակի։

«Դրա լավագույն ապացույցն էր, որ բժիշկները թույլ չէին տվել, որպեսզի Գրիգորյանը մասնակցեր դատական նիստին»,- ասաց պաշտպանը։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու կամ խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդություններով սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն մի քանի շաբաթ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում։

 

Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ