Քաղաքական - «Պետական տուրքի մասին» օրենքն ընդունվեց 95 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ․ ԱԺ-ն այլ նախագծեր ևս ընդունեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 95, դեմ՝ 1 և ձեռնպահ 4 պատգամավոր։

Հիշեցնենք, որ ընդունված օրենքով՝ մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրք է սահմանվում նաև ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների համար, նույնիսկ հայկական ծագում ունենալու դեպքում (ԱՏԳ ԱԱ 7201 - թուջ՝ վերամշակելի և հայելային՝ ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ առաջնային ձևերով, ԱՏԳ ԱԱ 7204 սև մետաղների մնացորդներ և ջարդոն. վերաձուլման համար սև մետաղների ձուլակտորներ (բովախառնուրդի ձուլակտորներ):

Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ: Ըստ փոփոխության մետաղի ջարդոնի 1 տոննայի համար նախկին 80 000 դրամի փոխարեն պետտուրքը սահմանվում է 60 000 դրամ։

ԱԺ-ն ընդունեց նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ էր 90 պատգամավոր։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 99 կողմ քվեարկությամբ։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 101 կողմ քվեներով։

Կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, 20 դեմ և 16 ձեռնպահ քվեարկությամբ։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքն ընդունվեց 99 կողմ ձայներով։

«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 102 կողմ քվեներով։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Նախագծին ևս կողմ քվեարկեց 102 պատգամավոր։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ