Հասարակություն - Ամռանը որտե՞ղ են հանգստանալու ԱԺ պատգամավորները

Ամա՜ռ, արև, ծով… Կամ էլ՝ ամա՜ռ, արև, գյուղ, անտառ… Բոլոր տարբերակներն էլ հաճելի են՝ նախասիրության և հնարավորությունների հարց է, իսկ հանգստանալ յուրաքանչյուրն է ցանկանում: Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ աշխատանքը գայլ չէ, անտառ չի փախչի: Գործը գործ, սակայն հանգիստն իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի մարդու կյանքում, և նոր հեծանիվ հորինած չենք լինի, եթե ասենք, որ նորմալ կենսագործունեության համար լիարժեք հանգիստը պարտադիր պայման է, իսկ թե որքանով է դա հաջողվում՝ կախված է տարբեր գործոններից:

Tesaket.info-ն հետաքրքրվել է, թե որտե՛ղ են անցկացնելու իրենց ամառային հանգիստը մեր պատգամավորները, և ահա թե ինչ է պարզվել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անցյալ տարի, պայմանավորված հեղափոխական շարժմամբ, հանգստի չի մեկնել, իսկ նախորդ տարիներին եղել է Վրաստանում, սակայն այս տարի դժվար թե գնա այնտեղ, իսկ ահա միևնույն խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը երևի հենց Վրաստան էլ կմեկնի, կամ էլ՝ Եգիպտոս: «Սովորաբար մեկնում ենք Վրաստան, Բաթումիի շրջակայքի բնակավայրերում ենք հանգստանում, կամ Եգիպտոսում, այս տարի ևս այդպես կանենք»,-մեզ հետ զրույցում նշեց պարոն Խաչատրյանը:

Ի տարբերություն Էդմոն Մարուքյանի և Արկադի Խաչատրյանի՝ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Սերգեյ Ատոմյանն այս տարի ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում, ինչպես արել է նախորդ տարիներին: Միևնույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ է այս ամառ Հայաստանում լինելու, սակայն սովորաբար ամռան հանգիստն անցկացնում է արտերկրում:

«Այս տարի դեռ չենք որոշել: Տղաս ԱՄՆ-ում է սովորում, նախորդ տարիներին ԱՄՆ-ում ենք հանգստացել»,-tesaket.info-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, իսկ միևնույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ ամեն տարի պարտադիր մի քանի օր հանգստանում է իր հարազատ Լոռիում, այնուհետև, քանի որ ինքնաթիռ չի նստում, մեքենայով գնում է Վրաստան:

Մեր պատգամավորներին մաղթում ենք բարի հանգիստ, իսկ ընթերցողներին խոստանում շարունակել ներկայացնել նրանց նախասիրությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ