Տնտեսություն - Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան

«SOS Սևան» նախաձեռնությունը հավաքագրում է առաջարկություններ Սևանա լճի փրկության համար: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սևանի ճակատագրով մտահոգ տարբեր կազմակերպություններից արդեն իսկ ստացել են մեծ թվով առաջարկություններ:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է հասկանան, որ Սևանա լճի պահպանությունը ազգային անվտանգության հարց է դարձել, ուստի իշխանություններին կոչ են անում շտապ միջոցներ ձեռնարկել Սևանի փրկության համար:

«Հասկանալի է, որ կառավարությանը լիարժեք տեղեկատվություն չի հասնում, թե իրականում ինչ է կատարվում Սևանում: Ուստի, Կառավարությանը հորդորում ենք անհապաղ հանձնաժողով ստեղծել՝ համապատասխան փորձագետների, գիտնականների և ՀԿ-ների մասնակցությամբ: Պետք է հրատապ միջոցառումների ծրագիր ընդունվի, որպեսզի օր առաջ փրկենք Սևանը»,- ասաց բնապահպանը:

Ինգա Զարաֆյանը նշեց, որ լճի փրկության համար առաջնային խնդիր է ջրի մակարդակի բարձրացումը, ափամերձ տարածքների նախապատրաստումը լճի բարձրացման համար, կենսաբանական և քիմիական մաքրման կայանների տեղադրումը Սևանա լիճ թափվող գետերի վրա, Որոտան-Արփա թունելի գործարկումը, Սևանա լճից հավելյալ ջրառի բացառումը և այլն:

«Անհրաժեշտ միջոցառումների մեջ պետք է լինեն մաքրման համակարգերի տեղադրումը: Այսինքն՝ լճի հարևանությամբ գործող բոլոր օբյեկտները մաքրող կայաններ պետք է ունենա: Պետք է շատ արագ ստուգում անցկացնել և այն կազմակերպությունը, որը չի ունենա մաքրման կայան, դրանց գործունեությունը պետք է դադարեցնել: Պետք է ավելի լուրջ մոտենալ Սևանի հիմնախնդիրներին»,- ասաց բնապահպանը:

Անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին՝ Ինգա Զարաֆյանը նշեց, որ եթե մեծ քանակությամբ օրգանական նյութեր անընդհատ չլցվեին լիճը, բնականաբար, այդպիսի ծաղկում չէր լինի. «Այս տարի Սևանա լճի ծաղկումը մեծ չափերի է հասնում, ինչն անհանգստացնողն է»:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հուլիսի 5-ին հրապարակել էր, թե ինչ է կատարվում Սևանում, ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը հետևանքները վերացնելու համար։ Նախարարությունից մանրամասնել են, որ վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։

Հարցին՝ արդյոք այդ ջրիմուռները թունավոր են, Ինգա Զարաֆյանը հայտնեց, որ ըստ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, դրանք լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ ծաղկման հետևանքով ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց առողջության, ինչպես նաև ոռոգման համար: «Իհարկե դա չի նշանակում, որ մարդիկ մտնելով ջուրը թունավորվելու են»,- ընդգծեց բնապահպանը:

Նա միաժամանակ նշեց, որ Սևանում ջրիմուռների ծաղկումից 2-3 շաբաթ հետո այդ ջրիմուռները կնստեն լճի հատակին, բայց դրանով ջրի աղտոտումը շարունակվելու է, իսկ երկու-երեք ամիս հետո նորից կարող է լիճը ծաղկել. «Սա արդեն վտանգավոր է, մենք պետք է հասկանանք, որ դա լուրջ վտանգ է և դրանից պետք է ազատվենք»:

 

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ