Քաղաքական - Խորհրդարանական համակարգ չկա՝ խորհրդարանն ընտրում է վարչապետին ու ձեռքերը լվանում. Էդմոն Մարուքյան

Այսօր հնարավորություն կա ազատ, արդար ընտրությունների միջոցով ընդունելու նոր Սահմանադրություն: Եթե մենք այսօր սահմանադրական հանրաքվե կազմակերպենք, ես վստահ եմ, այն կընդունվի առանց կեղծիքների, հետևաբար կլինի ժողովրդի կողմից ընդունված առաջին Սահմանադրությունը Երրորդ Հանրապետության պատմության մեջ: Այս շանսը մենք ունենք, սակայն այն չի օգտագործվել և չկա տեսլական սրա հետ կապված: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նման հայտարարություն արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց. «2015 թ. սահմանադրական փոփոխություններն արվել են նրա համար, որ ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ ունենանք, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ: Սակայն այդ փոփոխություններով սուպերվարչապետական վիճակ է ստեղծվել: Խորհրդարանական համակարգ չկա, ու մենք չենք անցել խորհրդարանական համակարգի: Թղթերով կարող է՝ ինչ-որ բա կա, բայց խորհրդարանական կառավարման համակարգի մենք չենք անցել: Հիմա կա քննարկում, մարդիկ ասում են՝ խորհրդարանական կառավարման համակարգը լավը չի, դարձյալ վերադառնանք նախագահական համակարգին: Հարց է առաջանում՝ էդ ե՞րբ ենք անցել խորհրդարանական կառավարման համակարգին, որ հիմա վատն է: Այսօրվա համակարգով՝ խորհրդարանը իբր ընտրում է վարչապետին, հետո ձեռքերը լվանում է ու խառնվելու իրավունք չունի. ոչ նախարարներն են հաստատվում, ոչ ուժային մարմինների ղեկավարներն են հաստատվում խորհրդարանում, ավելին՝ ուժայինների ղեկավարներն, առհասարակ, հաշվետու չեն խորհրդարանին»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Սահմանադրությամբ պետք է վերանայվեն ՏԻՄ գործառույթները: Ըստ նրա՝ այսօր բոլորը խոսում են դատական համակարգի մասին, բայց մոռանում են այս կարևոր հարցի մասին.

«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման գլուխը ամբողջովին, ըստ էության, պահպանեց 1995 թ. տրամաբանությունը: Այն ժամանակ եղել է՝ «բաժանիր որ տիրես», այսինքն՝ որքան փոքր, չզարգացած, թույլ համայնք, այնքան կենտրոնական իշխանությունները կարողանում են տիրել էս փոքր գյուղերին: 1 կամ 2 միլիոն բյուջեներով այս գյուղերը կախված են կենտրոնական իշխանությունից: Կա մարզպետ, որին ենթարկվում են բոլոր մարզային կառույցներն ու ընտրությունների ժամանակ, երբ մարզպետը լինում է ինչ-որ կուսակցությունից, որ եղավ վերջին ընտրությունների ժամանակ, բոլորը սկսում են աջակցել նրան: Հայաստանը չի կարող զարգանալ, եթե չունի զարգացող համայնքներ: Համայնքները չեն կարող զարգանալ, երբ այն գտնվում է տարածքային կառավարման տակ»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ