Հասարակություն - Եթե մենք կորցնենք Սևանը, Հայաստանի վրա էլ կարող ենք խաչ քաշել

Մեր զրուցակիցն է Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը Սևանա լիճը նորից «ծաղկել է», բնապահպանները լուսանկարներ են հրապարակում: Ի՞նչ է իրականում տեղի ունենում, որքանո՞վ է դա մտահոգիչ: Տեղի է ունենում լճի մեջ կապտականաչ ջրիմուռների մեծ քանակի աճ, բայց պետք է հասկանալ, թե դրա պատճառը որն է: Որքան ես գիտեմ, որևէ պետական մարմին նման ուսումնասիրություն չի կատարել վերջին տարիներին: Բացի այն պատճառներից, որ ջերմաստիճանը բարձր է, կոյուղաջրեր են լցվում Սևան, այլ պատճառներ չեն նշվում: Կարող է սա այնպիսի մի փուլի հասնի, որ անդառնալի դառնա, լճի ինքնամաքրման պրոցեսը տեղի տա ու դադարի: Դա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել և երկրի բնապահպանական իրավիճակի վրա մեծ բացասական ազդեցություն ունենալ: Երբ մենք ասում ենք, որ բնապահպանական անվտանգությունը իր կարևորությամբ Հայաստանի համար հավասար է ռազմական անվտանգությանը, շատերը չեն լսում: Սևանա լիճը բնապահպանական անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, եթե մենք կորցնենք Սևանը, Հայաստանի վրա էլ կարող ենք խաչ քաշել: Խնդիրն այն է, որ առաջնային լուրջ հետազոտություն չի կատարվել ու հիմա էլ չի կատարվում, թե տեղի ունեցածի պատճառները որոնք են, ինչ իրավիճակ է հիմա, ինչ միտումներ կան, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, ինչ մոդել պետք է լինի ջրի որակի փոփոխությունների և ինչ անհապաղ քայլեր են պետք այս խնդիրը լուծելու համար: Ոչ թե պետք է ասել՝ մեկ տարի, 6 ամիս հետո օրենքը կփոխենք, մաքրման կայաններ կդնենք: Դա կարելի էր անել այն ժամանակ, երբ հիվանդը լուրջ վիճակի չի հասել, մահամերձ չէ: Իսկ երբ մահամերձ է, այդ ժամանակ պետք է վիրահատական մոտեցում ցուցաբերել, անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, ինչը մենք չենք տեսնում: Մենք, որպես Հայկական բնապահպանական ճակատ և ես որպես աշխարհագրագետ, մոտ 15 հոդված ենք հրապարակել 2015 թվականից սկսած կոնկրետ Սևանի վերաբերյալ, և հստակ նշել ենք, որ այսպես շարունակելու դեպքում մենք կորցնելու ենք Սևանը: Նշվում է, որ այս վիճակի պատճառը կոյուղաջրերն են, բայց կոյուղաջրերը 10-15 տարի առաջ էլ էին լցվում Սևանը, բայց այս վիճակը չէր: Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը ո՞րն է: Մեր կարծիքով, գլխավոր պատճառն այն է, որ նախորդ կառավարությունը հանցագործություն է իրականացրել Սևանի նկատմամբ. 2011 թվականից իրենք կասեցրել են Սևանա լճի մակարդակի բարձրացումը: 2012-2018 թվականը Սևանի մակարդակը բարձրացել է ընդամենը 30 սմ, այն դեպքում, երբ մինչ այդ՝ 2002-2011 թվականներին Սևանը բարձրացել էր 3,5 մետր: 2002-2011 թվականներին ջրի մակարդակի նման բարձրացման արդյունքում ջրի որակը սկսել էր լավանալ: Իսկ 2011 թվականից հետո եղել են տարիներ, որ անգամ մինուսով է փակվել ջրի մակարդակը, ինչն օրենքով անթույլատրելի է: Դրա արդյունքում լիճը սկսեց նորից իր որակը կորցնել: Դա կոնկրետ նախորդ իշխանությունների կատարած հանցագործությունն է Սևանի նկատմամբ: Երկրորդ պատճառն այն է, որ  նույն հանցագործ մարդիկ, մասնավորապես բնապահպանության նախարարության աշխատակիցները չեն մաքրել ափամերձ տարածքները ջրի մակարդակը բարձանալուց առաջ: Արդյունքում ծառեր, օրգանական այլ բաներ մնացել են ջրի տակ, և ավելացել է օրգանական նյութերի մուտքը լիճ: Վերջին տարիներին, քանի որ նվազել է Սևանա լճում ձկների և խեցգետինների քանակը, որոնք ուտում էին այդ օրգանական նյութերի մի մասը, այս ամենը բերեց լրջագույն խնդիրների: Որո՞նք պիտի լինեն առաջնային քայլերը: Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ մաքրել ափամերձ տարածքները և նորից արագ տեմպերով բարձրացնել լճի մակարդակը, որ կարողանանք վերադառնալ գոնե այն վիճակին, որը եղել է 2011-2012 թվականներին: Հիմա բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ կեղտաջրերը լցվում են Սևան, որ պետք է մաքրման կայաններ տեղադրել և այլն: Իհարկե, դա էլ է պետք անել, բայց մինչև գնահատական չունենաս, թե որնէ իրական պատճառը, որն է առաջնահերթ, որ պետք է իրականացնել, միայն ենթադրելով ճիշտ չէ առաջնորդվել: Մեր կարծիքով առաջնահերթությունը դա չէ, որ գետերով կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ: Առաջանահերթ խնդիրը ափամերձ տարածքները, ջրի տակ մնացած ծառերն ու անտառները մաքրելն է, և պետք է վերականգնել Սևանի ջրի մակարդակի աճը: Սևանա լիճը պետք է տարեկան 20-40 սմ բարձրանա ու այդ աճը պետք է անշեղորեն լինի: Պետք է այս ամենը գիտականորեն ուսումնասիրվի, ոչ թե առաջնորդվենք իմ կամ մյուսի ենթադրություններով, ու որոշումներ կայացվեն: Ցավոք, բնապահպանության ոլորտում նախկին միտումները շարունակվում են, ոչ մի լուրջ քննարկում մենք չենք տեսել:

enews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ