Քաղաքական - Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել պաշտպան Լեւոն Բաղդասարյանի միջնորդությունը Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու, ինչպես նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ:

Այսօրվա նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Բաղդասարյանը թվեց Գրիգորյանի առողջական խնդիրները՝ հավելելով, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Դատական նիստը շարունակվում է:


Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ