Միջազգային - «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը

Սկսած 2006 թվականից՝ ամեն տարի «Օպտիկայի պաշտպան» (Advocate of Optics) կոչումը շնորհվում է որևէ երկրի քաղաքական, հասարակական կամ այլ ոլորտի այն ներկայացուցչին, հանրային այն պաշտոնյային, որն իր գործունեությամբ ինչպես իր երկրում, այնպես էլ՝ աշխարհում նպաստել է օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանն ու առաջընթացին: Մինչ այժմ այս կոչմանն արժանացել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Նիդերլանդների, Բելգիայի և Իտալիայի  ներկայացուցիչներ, որոնց թվում են ԱՄՆ սենատորներ և կոնգրեսմեններ, Նոբելյան մրցանակակիր Ստիվեն Չուն և այլ հայտնի անձինք: Իսկ այս տարի այս բարձր պատվին արժանացել է Հայաստանը՝ հանձին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանի:

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մյունխենում՝ հունիսի 24-27-ն անցկացված «Laser World of Photonics» համաժողով-ցուցահանդեսի ընթացքում, մասնավորապես՝ CLEO/Europe-EQEC 2019 միջազգային գիտաժողովի բացման պլենար նիստում: Ա. Պապոյանը OSA-ի՝ Օպտիկական ընկերության տնօրենների խորհրդի կողմից ճանաչվել է 2019 թ. «Օպտիկայի պաշտպան»: Նրան կոչումը շնորհվել է Հայաստանի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրոպական հետազոտական տարածք ինտեգրմանն ուղղված ջանքերի, լույսի մասին գիտության առաջմղման համար: OSA-ի նախագահ Ուրսուլա Գիբսոնը նշել է. «Նրա աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա օպտիկայի և ֆոտոնիկայի հետազոտական բնագավառներում կարևոր համագործակցությունը՝ Եվրոպական միության և Եվրոպական հանձնաժողովի ստեղծած ծրագրերի միջոցով»:

Tesaket.info-ին, բնականաբար, հետաքրքրեց, թե ի՛նչ է տալիս օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացումը շարքային քաղքացիներին, ինչպե՞ս են դրանք կիրառվում մեր առօրյա կյանքում: Պարոն Պապոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ էներգիայի այլընտրանքային աղբյուրներից մինչև նոր սերնդի դիսփլեյներ և LED լամպեր՝ այս ամենն օպտիկայի և ֆոտոնիկայի շնորհիվ է: Խոսելով այլ ոլորտներում կիրառումների մասին՝ Ա. Պապոյանն ընդգծեց մասնավորապես բժշկությունը՝ լազերային վիրաբուժություն, և ռազմարդյունաբերությունը, որտեղ լազերային ֆիզիկան ևս ասել և դեռ ասելու է իր խոսքը:

 

Ամալյա Հովհաննիսյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ