Տնտեսություն - «Կամ երկարաձգեն կամ այլընտրանք առաջարկեն». Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը։ Գործարանի 200 աշխատակիցների ազատել են աշխատանքից, նրանք էլ այսօր՝ հուլիսի 1-ին, պահանջում էին կառավարության անդամների հետ հանդիպում, որ կամ երկարաձգեն պայմանագրերը կամ այլընտրանք առաջարկեն իրենց։ Աշխատակիցները բացել են երկաթգիծը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպելու նպատակով։ NEWS.am-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը պատմեց, որ աշխատակիցները գոնե ստանում էին աշխատավարձի 2/3-ը ու որոշ չափով հոգում իրենց հոգսը, հիմա չգիտեն՝ ինչպես ապրեն։

«Մեզ զգուշացրել էին, որ պայմանագրերը մինչեւ հունիսի 30-ը լուծարվելու է, բայց աշխատանքից ազատվելու դեպքում մեզ տարբերակներ էին առաջարկել։ Վարչապետի մակարդակով խոստացել էին, որ արդեն վերագործարկված «Թեղուտի» հանքավայրում պետք է աշխատեինք նաեւ մենք։ Մինչեւ հիմա գոնե 1 հոգի չի աշխատում այդ հանքավայրում, որ գոնե ասես՝ ինչ-որ մի ձեւով իրենց ասածներին տեր են կանգնել։ Ոչ մեկին չի հետաքրքրել մեր ճակատագիրը։ Շատ այլ գործարաններից եկել են Թեղուտում աշխատում են, իսկ մեզնից գոնե մեկը այնտեղ չի աշխատում»,- ասաց նա։


Նախկին աշխատակցի խոսքով՝ իրենք ուզում են հասկանալ նաեւ՝ ինչ չափանիշներով են մյուս աշխատողներին թողել, որ աշխատեն գործարանում, իսկ 200-ին՝ ազատել։ Նա հայտնեց, որ Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը նույնպես ցուցարարների հետ է. «Մեր խմբից մի քանիսը գնացել են Վանաձոր հանդիպելու մարզպետին։ Ես վստահ եմ, որ այդ հանդիպումը որեւէ բան չի տալու, մենք էլի ենք հանդիպել, սակայն ապարդյուն։ Հանդիպել ենք նաեւ Տիգրան Ավինյանի հետ, սակայն ապարդյուն»։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման պահը հետաձգվել էր մինչեւ հունիսի 30-ը: 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը։ Հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ