Մամուլ - Իրաքում՝ Տիգրիս գետի ափին, ջրամբարի ջրի մակարդակն իջել է, արդյունքում հնագույն պալատի ավերակներ են հայտնաբերվել

Իրաքի Քուրդիստան շրջանում Տիգրիս գետի ափին կառուցված Մոսուլի ջրամբարի ջրերի մակարդակը երաշտի պատճառով իջել է, ինչի արդյունքում բացահայտվել են 3400 տարի առաջ կառուցված պալատի ավերակները: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Ավերակների վայրում հնագիտական պեղումներ իրականացող՝ քրդերից ու գերմանացիներից կազմված խումբը հայտարարել է, որ այս ակամա բացահայտումը կօգնի նոր գիտելիքներ ստանալ Միտտանի կայսրության մասին, որը Հին Մերձավոր Արևելքի ամենաքիչ ուսումնասիրված կայսրություններից է:

«Սա տարածաշրջանում վերջին տասնամյակներին արված ամենակարևոր հնագիտական բացահայտումներից է»,- ասել է քուրդ հնագետ Հասան Ահմեդ Քասիմը:

Ենթադրվում է, որ պալատն ի սկզբանե գետից մոտ 20 մետր բարձրության վրա է եղել, իսկ ավելի ուշ կառույցը կայունացնելու նպատակով կավե աղյուսներից պատ է կառուցվել՝ ընդգծելով պալատի տպավորիչ ճարտարապետությունը:

Հնավայրում հայտնաբերվել են որմնանկարներ և հնագույն տեքստեր: Վերջիններս ուղարկվել են Գերմանիա՝ վերծանելու:

Հաղորդվում է, որոշ ժամանակ անց հնավայրը կրկին ջրի տակ է անցել և հայտնի չէ, թե երբ կրկին ի հայտ կգա:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ