Մամուլ - Մեկնարկել է ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների՝ Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում անցկացվող պատմության մեջ առաջին հանդիպումը (տեսանյութ)

Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, գրում է The Guardian պարբերականը:

Առաջնորդների հանդիպումն անց է կացվում Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելուն ուղղված համատեղ ջանքերի շրջանակում: Թրամփը հանդիպման վայր է ժամանել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ուղեկցությամբ և ավելի քան մեկ ժամ սպասել է իր հյուսիսկորեացի պաշտոնակցի ժամանմանը:

Հաղորդվում է, որ Թրամփն առաջին ԱՄՆ նախագահն է, որը ոտք է դրել Հյուսիսային Կորեայի հողի վրա: Սա երկու առաջնորդների՝ փետրվարից ի վեր առաջին հանդիպումն է: Նրանց նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելիորեն ընդհատվել էր. կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ բանակցային թեմաների շուրջ:

«Սահմանից այն կողմ ոտք դնելն ինձ համար մեծագույն պատիվ է: Մեծ առաջընթաց է գրանցվել: Մեր միջև հիանալի բարեկամություն է հաստատվել»,- ասել է Թրամփը: Նա շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդին այդքան արագ կերպով հասանելի լինելու համար՝ ընդգծելով, որ հանդիպման համար նրան դիմել է երեկ:

Լրագրողներից մեկը հարցրել է Միացյալ Նահանգների նախագահին՝ արդյոք Կիմ Չեն Ընը շուտով ԱՄՆ կայցելի, ինչին Թրամփը պատասխանել է, որ ինքը նրան հենց հիմա էլ կհրավիրեր:

ԿԺԴՀ առաջնորդն իր հերթին ասել է, որ Թրամփի՝ որպես առաջին ԱՄՆ նախագահ Հյուսիսային Կորեայի սահմանից ներս ոտք դնելը վկայում է անցյալի ագրեսիան նվազեցնելու և նոր ապագա կառուցելու պատրաստակամության մասին:

Լրագրողների հետ զրույցից հետո առաջնորդները քննարկման սրահ են մտել՝ զրուցելու:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ