Տնտեսություն - Արտաքին պարտքի մսխված գումարների համար ոչ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել․ Թաթուլ Մանասերյան

Մենք երբեք չենք վերահսկել արտաքին պարտքը, և եթե այս կերպ գնա, ուրեմն վտանգներ կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով արտաքին պարտքի խնդրին:

«Կառավարության նեղ շրջանակներից ոչ մեկին հասու չի եղել տեղեկությունը, թե իրականում ինչ նպատակների համար է ծախսվել արտաքին պարտքը, բացի նրանից, թե ինչի համար են վերցվում դրանք: Պատասխանատվությունը, թե որքան գումարներ են մսխվել մինչև օրս, ոչ մեկը չի կրել»,-ասաց նա:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ պետք է փոխվի արտաքին պարտք վերցնելու մոտեցումը և դրա նպատակահարմարությունն իրապես պետք է սահմանի Ազգային ժողովը, ոչ թե կառավարությունը:

«Կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը այստեղ բավականին անելիք ունի` փոխելու գործեալոճը, որի համար պետք չէ օրենք փոխել, քանի որ այդ օրենքները կան, բայց չեն օգտագործվում։ Պետք է մեծացվի Ազգային ժողովի դերը և ոչ թե դակիչի պես վավերացնեն այս կամ այն պայմանագիրը։ Կառավարությունը իրեն պետք է նեղություն տա` ներկայացնի անհրաժեշտությունը, դա քննարկվի, ապա ԱԺ-ն կարող է հավանություն տալ կամ չտալ: Քանի որ վերցնում է կառավարությունը, իսկ պատասխանատվությունը կրում է ժողովուրդը, նաև Ազգային ժողովը»,-ասաց նա:


Տնտեսագետը նշեց, որ ընդհանուր առմամբ 60 տոկոս թույլատրելի սահմանը արտաքին պարտքի դա արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանությամբ հաշվարկված առաջարկվող ուղենիշային ցուցանիշ է տարբեր երկրների համար, որն ինքը սխալ ցուցանիշ է համարում: «60 տոկոսը, կարծում եմ, որ միջազգային կառույցները իրենք իրենց համար են սահմանել, որ դրա արդյունքում կարողանան վերահսկելի դարձնել ծախսած ռեսուրսների վերադարձը»,-ասաց նա:

Վարկերի վերցնելու հարցում նա կարևորեց արդյունավետության և վերադարձելիության խնդիրը, ինչպես նաև այն, թե որքան են դրանք տնտեսական աճի վրա դրական ազդեցություն ունենում:

«Կան շատ երկրներ, որտեղ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը բավականին բարձր է, սակայն արդյունավետությունն է բարձր, այստեղ հիմնական խնդիրը արդյունավետ օգտագործելն է»,-ասաց նա և նշեց, որ վարկեր վերցնելու թույլատվությունը սահմանափակելու կարիք չի տեսնում, մարդիկ իրենք են որոշում։

Նշենք, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել էր, որ ՀՀ պետական պարտքը 2018 թ-ին կազմել է 6 միլիարդ 923 ԱՄՆ միլիոն դոլար: «Եթե համոզված ենք, որ արդյունքները հիմնավոր են, կարող ենք հասնել վարկ-ՀՆԱ հարաբերակցության 60 %-ի ու դրան որպես ողբերգական լուր վերաբերվել պետք չէ»,-նշել էր նա։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ