Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանը՝ խոշոր ռուսական կորպորացիայի ղեկավարների կազմում

«Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետեր եւ սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանավորված է, մնացել է «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որովհետեւ ընկերությունը նրա դեմ դատավարությունը քաղաքական է համարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ցանկանում էի միայն մեկ տեղեկություն հիշատակել: Դուք գիտեք, որ երկար տարիներ մեզ մոտ տնօրենների խորհրդի անփոփոխ եւ անկախ անդամ է եղել Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի նախկին նախագահը: Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին կալանավորված է: Մենք կարծում ենք, որ առաջին՝ մեղադրանք չկա, երկրորդ՝ հարցը, դատավարությունը ակնհայտորեն քաղաքական է: Մենք որոշեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմի մեջ, առավել եւս, որ նա համաձայնություն է տվել այն ժամանակահատվածում, երբ ազատության մեջ էր, ուստի կարծում ենք, որ դա ճիշտ է: Ես ձեզ տեղեկացնում եմ, որ նման որոշում է ընդունվել»,- ասել է Եվտուշենկովը «Սիստեմա»-ի բաժնետերերի տարեկան ժողովում:
«Սիստեմա» ԲՖԿ բաժնետերերը շաբաթ տարեկան ժողովի ժամանակ տնօրենների խորհուրդը վերընտրել են նախկին կազմով: Այսպիսով, խորհրդում իրենց տեղերը պահպանել են «Սիստեմա»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա»-ի նախագահ Անդրեյ Դուբովսկովը, Segezha Group-ի (պատկանում է ԲՖԿ-ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «ՌՏԻ» ԲԲԸ (մտնում է ԲՖԿ-ի մեջ) գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոեւը, «Վիմ-Բիլ-Դաննա»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին:

Խորհրդում տեղերը պահպանել են նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, KPMG ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժաննո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը եւ պրոֆեսոր, «Սիստեմա»-ի աուդիտի, ֆինանսների եւ ռիսկերի հարցերով կոմիտեի անդամ Աննա Բելովան:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատախազության եւ տուժողների ներկայացուցիչների միջնորդությունը բավարարելու որոշում էր ընդունել: Ընդ որում՝ Արմեն Դանիելյանը չեղարկել էր առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումը: Համապատասխանաբար՝ չեղարկվել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությունը, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը:

Միաժամանակ, դատավորը չեղարկել էր դատարանի մայիսի 20-ի որոշումը՝ գործը Սահմանադրական դատարամն փոխանցելու մասին, եւ որոշել էր գործը վերադարձել առաջին ատյանի դատարան:

 NEWS.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ