Կրթություն - Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները հայտնվել են փակուղու առջև

«Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և  վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր ՄարկուպչյանըՆ այսօր Տեսակետ մամուլի ակումբում էին՝ բարձրաձայնելու մի խնդիր, որի պատճառով իրենք հայտնվել են փակուղու առջև: Մինչ բուն թեմային անցնելը՝ երիտասարդները նշեցին, որ որևէ կերպ չեն ցանկանում կասկածի տակ դնել Ֆրանսիական համալսարանի կողմից տրամադրվող բարձրագույն կրթությունը, որը համարում են Հայաստանում լավագույններից մեկը: Նրանք շնորհակալություն հայտնեցին բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ու աշխատակիցներին, սակայն նշեցին, որ այնուամենայնիվ, որոշակի բացթողումներ են եղել, որոնց պատճառով իրենք այսօր չեն կարողանում օգտվել շարունակական կրթության իրենց իրավունքից: 

 

«ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ գերազանցության պետական նմուշի դիպլոմ կարող է տրամադրվել այն շրջանավարտներին, որոնք ապահովել են ՄՈԳ-ի 90 տոկոս ցուցանիշը: Համաձայն ՀՀ և Ֆրանսիայի միջև կնքված համաձայնագրի՝ հայկական պետական նմուշի դիպլոմների տրամադրումը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, սակայն Ֆրանսիական համալսարանը, ներքին կարգի համաձայն, տրամադրել է գերազանցության դիպլոմներ հայկական պետական նմուշի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոս ցուցանիշ ապահովելու դեպքում: Քանի որ իր հիմնադրման օրվանից բուհը տրամադրել է պետական երկու տիպի դիպլոմ՝ ֆրանսիական և հայկական, այդ առիթով մտցվել է ֆրանսիական բուհերի գնահատման համակարգը, որը 20 բալանոց է: Այնտեղ մի փոքր խիստ է գնահատման համակարգը, այդ իսկ պատճառով ֆրանսիական պետական նմուշի գերազանցության դիպլոմները տրվում են 16 կամ բարձր հավաքած շրջանավարտներին, և ըստ այդմ էլ ադապցատումը եղել է ըստ այդ խիստ գնահատման համակարգի»,-նշեց Վահե Թումանյանը: Նա ասաց նաև, որ այսպիսով որոշվել է, որ Ֆրանսիական համալսարանում տրամադրվելու է հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ 14 միավոր հավաքելու դեպքում, որն էլ առավելագույն  արժեքի 70 տոկոսն է: Բանախոսները նշեցին, որ, քանի որ այս գնահատման համակարգը ժամանակին չի համապատասխանեցվել հայկական գնահատման համակարգին, որպեսզի համապատասխաներ նաև օրենսդրությանը, իրենք այսօր կանգնել են նման խնդրի առջև:

 

Վ. Թումանյանն ասաց. «Մենք դիմել էինք ԿԳՆ՝ տարկետում ստանալու և մեր ուսումը շարունակելու նպատակով: Տարկետման կարգը չի նշում գերազանցության շեմ հաղթահարելու մասին պայման, այնտեղ նշվում է, որ պայմաններից մեկը միջին որակական գնահատականն է, որը պետք  է լինի առնվազն առավելագույն արժեքի 90 տոկոսը, սակայն մենք հայտնվել ենք այս իրավիճակում, քանի որ մենք ունենք գերազանցության պետական դիպլոմ, բայց 90 տոկոս ՄՈԳ փաստացի չունենք»:

 

Շրջանավարտները նշեցին, որ դիմել են ԿԳՆ, որտեղից իրենց պատասխանել են, որ իրենք չեն կարող հավակնել տարկետում ստանալուն, որովհետև ՄՈԳ-ը ցածր է 90 տոկոսից: Բանախոսները դիմել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղից պատասխանել են, թե դա զուտ հայկական իշխանությունների լուծելիք խնդիրն է, և իրենք չեն կարող օգնել այդ հարցում: Երիտասարդները վստահեցրին. «Մեր խնդրանքը հենց սկզբից եղել է այն, որ ոչ թե մեզ տարկետում տրամադրվի, այլ պարզապես մեր՝ բարձրորակ կրթությամբ ստացված գիտելիքները համապատասխանեցվեն ֆրանսիական գնահատման համակարգից հայկական գնահատման համակարգին, արդյունքը հաշվարկվի նշանակալի նվաճումների հաշվարկման մեթոդաբանության մեջ, և այն ուսանողները, որոնք չեն հաղթահարի տարկետում ստանալու շեմը, անցնեն իրենց պարտականությունների կատարմանը հայոց բանակում, իսկ այն ուսանողները, որոնք կհաղթահարեն այդ շեմը, անցնեն իրենց պարտականությունների կատարմանը կրթության և գիտության բնագավառում, որպեսզի կարողանան օգտվել շարունակական կրթության իրենց իրավունքից»:

 

Բանախոսները դիմում են ուղղել նաև ՀՀ վարչապետին, որը ներկայացնում ենք ստորև.

 

                                                                                                                                             

Դիմում

 

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (ՀՖՀՀ) ուսանող, այս դիմումով Ձեզ՝ որպես ՀՀ վարչապետի, ցանկանում եմ մի խնդրի մասին տեղեկացնել: Համաձայն 2017 թվականի մարտի 8-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին» համաձայնագրի, որը կողմերի միջև հաստատվել է համապատասխանաբար 2017 թվականի մայիսի 12-ին ընդունված Հայաստանի Հանրապետության նախագահի N ՆՀ-354-Ն հրամանագրով և 2017 թվականի սեպտեմբերի 18-ին ընդունված Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, վարչապետի և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարի N 2017-1348 համատեղ հրամանագրով՝ ՀՖՀՀ-ն, լինելով ՀՀ պետական ռեգիստրում գրանցված և 2003 թվականի նոյեմբերի 13-ին տրված թիվ 03Ա061130 գրանցման վկայականի հիման վրա գործող հիմնադրամ, իր գործունեությունն է իրականացնում ՀՀ օրենսդրությանը համապատասխան, և ՀՖՀՀ-ի կողմից բարձրագույն մասնագիտական կրթության հայկական պետական նմուշի դիպլոմների տրամադրումը շրջանավարտներին կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Բացի այդ, 2017 թվականի հոկտեմբերի 3-ին իմ և ՀՖՀՀ-ի միջև կնքված պայմանագրի 1.3 կետը սահմանում է, որ դասավանդումը ՀՖՀՀ-ում կազմակերպվում է համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ին տրված մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման N 0064 լիցենզիայի, իսկ 4.1 ու 4.2 կետերը սահմանում են, որ ՀՖՀՀ ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված պայմանները բավարարելուց հետո ուսման ավարտին ՀՖՀՀ-ն շնորհում է հայկական մագիստրոսի դիպլոմ: Ըստ այդմ, ըստ ՀՖՀՀ-ի կողմից տրված հավաստագրի՝ պետական քննական հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ինձ շնորհվել է հայկական մագիստրոսի գերազանցության դիպլոմ: Ուսումս ասպիրանտուրայի կրթական ծրագրով շարունակելու նպատակով 2019 թվականի ապրիլի 30-ին դիմում եմ ներկայացրել ՀՀ Կրթության և գիտության նախարարություն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված N 451-Ն որոշմամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար՝ ըստ գիտության և կրթության բնագավառներում իմ կողմից ցուցաբերած նշանակալի նվաճումների: Սույն որոշման հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատող չափանիշներից մեկը ուսումնառության շրջանակներում ստացած ՄՈԳ-ն է, որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90%-ը: Քանի որ ՀՖՀՀ-ն ուսումնառության ավարտին ուսանողներին տրամադրում է հայկական պետական և ֆրանսիական պետական դիպլոմներ, իր հիմնադրման օրվանից գործել է ֆրանսիական բուհերի գնահատման համակարգով, որն էապես տարբերվում է հայկական բուհերի գնահատման համակարգից: Հաշվի առնելով այդ տարբերությունը՝ ՀՖՀՀ-ն տրամադրել է հայկական բակալավրի և մագիստրոսի գերազանցության դիպլոմ ուսանողի կողմից բակալավրիատում և մագիստրատուրայում ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70% ցուցանիշ ապահովելու դեպքում, որի մասին հավաստում է ՀՖՀՀ Հոգաբարձուների Խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի նիստում ընդունված «Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսումնական և քննական գործընթացի կազմակերպման» կարգի «Ը) Դիպլոմների հանձնում» կետի «2) Դիպլոմների տեսակների չափորոշիչներ» ենթակետի վերջին պարբերությունը, այնինչ հայկական պետական և ոչ պետական հավատարմագրված մնացած բուհերը մինչև ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված և ներկայումս գործող N 1282-Ն հրամանի ուժի մեջ մտնելը հայկական մագիստրոսի գերազանցության դիպլոմ տրամադրել են ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 95% ցուցանիշ, իսկ ուժի մեջ մտնելուց հետո` առնվազն 90% ցուցանիշ հավաքելու պարագայում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՖՀՀ 165 ուսանողներով 2019 թվականի մարտի 11-ին դիմում ենք ներկայացրել ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ համարելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված N 451-Ն որոշման մեջ ՄՈԳ-ի ցուցանիշի սահմանափակումը խտրական և հորդորելով ձեռնամուխ լինել այդ որոշման մեջ հանելու ՄՈԳ-ի ցուցանիշի սահմանափակմանը վերաբերող դրույթը և նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ օգտագործել ՄՈԳ-ի՝ միմյանց նկատմամբ համեմատելի ցուցանիշները՝ ապահովելով հավասար հնարավորություն Հայաստանի բոլոր համալսարաններում սովորող ուսանողների համար: Այնուհետև, 2019 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԿԳՆ-ն ուղարկել է դիմումի պատասխանը, որտեղ նշվում էր, որ այդ ժամանակ շրջանառվում էր որոշման փոփոխության նախագիծը, որի շրջանակներում քննարկման առարկա կդառնար նաև մեր կողմից բարձրացված հարցը: Սակայն, այդ նախագիծը ուժի մեջ չմտավ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարկետում ստանալու համար ապրիլի 30-ին ներկայացված դիմումի հետ միասին ներկայացրել էի նաև ՄՈԳ-ի 90%-ից ցածր ցուցանիշով առաջադիմություն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովը 2019 թվականի մայիսի 24-ի եզրակացությամբ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված N 451-Ն որոշմամբ սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված գիտության և կրթության բնագավառում ունեցած նվաճումների ՄՈԳ-ի իմ ցուցանիշի համար նշանակեց 0՝ զրկելով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքին հավակնելուց: Այնուհետև, որոշակի ուսումնասիրություններ կատարելուց հետո մենք պարզեցինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված և այժմ ուժը կորցրած N 1197-Ն հրամանի հավելվածի 25-րդ կետը սահմանում էր, որ հայկական մագիստրոսի գերազանցության դիպլոմ նախկինում հնարավոր էր տրամադրել միայն ՄՈԳ-ի առավելագույն արժեքի  95%-ը ապահովելու դեպքում, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված և ներկայումս գործող N 1282-Ն հրամանի հավելվածի 19-րդ կետը սահմանում է, որ հայկական մագիստրոսի գերազանցության դիպլոմ հնարավոր է տրամադրել միայն ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90%-ը հավաքելու դեպքում: Ստացվում է, որ ՀՖՀՀ Հոգաբարձուների Խորհուրդը, որի անդամներից մեկն է հանդիսանում նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարը կամ իր պատասխանատվությամբ և լիազորությամբ գործող ներկայացուցիչը, վավերացրել է ՀՀ օրենսդրությանը հակասող դրույթ ունեցող ՀՖՀՀ կարգ, իսկ ՀՀ կառավարության 1999 թվականի նոյեմբերի 26-ին ընդունված N 719 որոշմամբ սահմանված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությամբ վերապահված ՀՀ ԿԳՆ-ն չի իրականացրել համապատասխան քայլեր՝ օրենսդրական կարգավորումներ իրականացնելու կամ ՀՖՀՀ գնահատման համակարգը համապատասխանեցնելու ՀՀ գործող օրենսդրությանը: Այդ պատճառով, ՀՖՀՀ-ի հետ կնքված պայմանագրով սահմանված պայմանները բավարարելուց հետո և ինձ հայկական մագիստրոսի գերազանցության դիպլոմ շնորհելուց հետո, 2019 թվականի մայիսի 31-ին ՀՖՀՀ կողմից ինձ հայկական մագիստրոսի գերազանցության դիպլոմ շնորհելու մասին հավաստագիր եմ ներկայացրել ՀՀ ԿԳՆ, ինչպես նաև՝ հաձնաժողովի կայացրած եզրակացության վերաբերյալ դիմում-բողոք՝ նշելով, որ չեմ կարող չբավարարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված N 451-Ն որոշմամբ սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90% ցուցանիշ ապահովելու պայմանին, հակառակ դեպքում չէի կարողանա ստանալ հայկական գերազանցության պետական դիպլոմ։ Ի պատասխան իմ դիմում-բողոքի՝ 2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԿԳՆ-ից ստացել եմ պատասխան՝ միևնույն բովանդակությամբ, ինչ մայիսի 24-ին ինձ տրված եզրակացության մեջ՝ փոխելով միայն «Ի պատասխան … Ձեր դիմումի»-ն «Ի պատասխան … հանձնաժողովի եզրակացության դեմ բողոքի»-ով և չպատասխանելով իմ՝ 90% ցուցանիշ ապահովելու պայմանին չբավարարելու հարցը և չներկայացնելով ՄՈԳ-ի իմ ցուցանիշը 0 դնելու փաստի հիմնավորումը: Բացի այդ, անցած տարի նմանատիպ խնդրի առաջ են կանգնել նաև ՀՖՀՀ անցած տարվա ուսանողները, որոնք դիմում են ներկայացրել տարկետում ստանալու համար։ Քանի որ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ին ընդունված N 650-Ն որոշումը, որը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված N 451-Ն որոշման մեջ կատարել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90% ունենալու պայմանի լրացում, ուժի մեջ է մտել ուսանողների կողմից տարկետման դիմումները ներկայացնելուց հետո, այն՝ որպես վատթարացնող դրույթ, չի տարածվել նշված ուսանողների վրա: Սակայն, գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՖՀՀ գնահատման տարբերվող համակարգը, արդարացիորեն կոնվերտացրել է նշված ուսանողների ՄՈԳ-ը և համապատասխանեցրել իրենց կողմից ձեռք բերված գիտելիքները հայկական գնահատման համակարգին ու նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ օգտագործել ՄՈԳ-ի կոնվերտացված ցուցանիշները։ Արդյունքում, տարկետում ստանալու համար սահմանված շեմը հաղթահարած ուսանողները, ստացել են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում և շարունակել իրենց ուսումը։ Միևնույն ժամանակ, ՀՀ ԿԳՆ-ն մեզ նշում է, որ դրանից հետո զգուշացրել է ՀՖՀՀ-ին (բանավոր կամ գրավոր ձևով, որի մասին հստակ տեղեկատվություն չունեմ) առկա խնդրի մասին և պահանջել կարգավորել այդ հարցը` ապագայում նմանատիպ խնդրից խուսափելու նպատակով։ Սակայն այս 1 տարվա ընթացքում ՀՖՀՀ-ի կողմից չեն իրականացվել համապատասխան գործողություններ այս հարցը կարգավորելու  ու առկա բացթողումները շտկելու նպատակով, իսկ ՀՀ ԿԳՆ-ն պատշաճ կերպով չի վերահսկել այդ գործողությունների իրականացումը։ Այդ իսկ պատճառով, այս տարի հանձնաժողովը հրաժարվում է նմանատիպ կերպով կոնվերտացնել ՀՖՀՀ այս տարվա դիմորդների ՄՈԳ-ը ու ՄՈԳ-ի իմ ցուցանիշի համար նշանակել է 0: Այս խնդրի վերաբերյալ 2019 թվականի հունիսի 8-ին դիմում եմ գրել ՀՖՀՀ հիմնադիր և  Հոգաբարձուների Խորհրդի անդամ հանդիսացող Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությանը, սակայն խնդիրը դեռևս համապատասխան լուծում չի ստացել: Բացի այդ, այս խնդրի վերաբերյալ 2019 թվականի հունիսի 11-ին դիմում եմ գրել նաև ՀՖՀՀ մյուս հիմնադիր և Հոգաբարձուների Խորհրդի անդամ հանդիսացող ՀՀ արտաքին գործերի նախարարություն, սակայն, կապված նախարարի՝ արտասահմանում գործուղման մեջ գտնվելու հետ, նախարարությունից ինձ բարեխղճորեն տեղեկացրել են նախարարի կողմից իմ դիմումին շուտափույտ պատասխան տրամադրելու անհնարինության մասին և թույլատրել այս հարցով դիմել ՀՀ կառավարություն: Քանի որ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), լիազորված մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ, ինչպես նաև` 2017 թվականի մարտի 8-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ՀՖՀՀ գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը իրականացվում է համաձայնագրի կնքման կողմ հանդիսացող ՀՀ կառավարության կողմից` իր ներկայացուցիչների միջոցով, և դիմած լինելով պատասխանատու բոլոր մարմիններին և խնդրի լուծում չստանալով, ինչպես նաև՝ ՀՖՀՀ-ի հետ կնքված պայմանագրին համապատասխան կատարած լինելով իմ պարտավորությունները, համապատասխան գիտելիքներ ձեռք բերած լինելով և արդարացիորեն արժանանալով հայկական մագիստրոսի գերազանցության դիպլոմին՝ դիմում եմ Ձեզ, պարո՛ն վարչապետ՝ հորդորելով պաշտպանել իմ՝ որպես ՀՀ քաղաքացու կրթական իրավունքը` կապված 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունք հանդիսացող բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովման, պաշտպանության, կրթական գործընթացի անընդհատության, հաջորդայնության և շարունակականության հետ, ինչպես նաև` արդարացի լուծում տալ այս խնդրին: Խնդրում եմ դիմումս չվերահասցեագրել ՀՀ ԿԳՆ-ին, քանի որ խնդիրս կապված է նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունն իրականացնող ՀՀ ԿԳՆ-ի գործունեության հետ։

Կից ներկայացնում եմ նաև անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

 

 

 

Հարգանքով` Վահե Լևոնի Թումանյան

 

Երևան, 24-ը հունիսի 2019 թվական

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ