Կրթություն - Մինչ մենք զրուցում ենք, Քարվաճառում նորանոր հուշարձաններ են հայտնաբերվում. Սամվել Կարապետյան

«Հայոց պատմություն» 36-հատորյա գրքաշարի տպագրությունը սկիզբ է առել դեռևս 2015 թ., : Մինչ այսօր լույս են տեսել «Հայոց ձոր», «Սալմաստ» և «Արծկե» հատորները, իսկ այսօր արդեն ընթերցողների սեղանին է «Մռավականքը»: Հենց այս հատորի լույսընծայմանն էլ նվիրած էր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսը, որի ժամանակ գրքի հեղինակ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ գիրքը ներկայացնում է Արցախի բռնազավթված և ազատագրված Շահումյան անվամբ զույգ շրջանները: Պարոն Կարապետյանն ասաց, որ առաջին անգամ Շահումյան ոտք է դրել 1980 թ., և գրքում ամփոփված են մինչև 1989 թ. այնտեղ իր կողմից իրականացված դաշտային աշխատանքների արդյունքները: Ինչ վերաբերում է ազատագրված Շահումյանին՝ Քարվաճառի շրջանին, բանախոսը նշեց, որ այստեղ առաջին անգամ եղել է 1978 թ. և այնուհետև՝ 1993 թ.-ից սկսած: Ուշագրավն այն է, որ թեև գիրքը բազմաթիվ տվյալներ է պարունակում երկու Շահումյանների մասին, սակայն հրատարակման պատրաստելու ընթացքն այս հատորի դեպքում շատ երկար տևեց, որովհետև Քարվաճառի բնակիչներն անընդհատ լուրեր էին հաղորդում, թե նորանոր բաներ են հայտնաբերել: «Գրքի պատրաստման ընթացքում երեք անգամ գնացել եմ Քարվաճառ, ընդհուպ մինչև հրատարակմանը նախորդող վերջին շաբաթը նոր նյութերով ենք հարստացրել գիրքը, սակայն մի բան դարձյալ դուրս է մնացել. Քարվաճառում հայտնաբերվել է մի եկեղեցու շինարարական արձանագրություն՝  1265 թ.: Այս մասին իմացել ենք տպագրվելուց հետո, հետագայում թերևս կանդրադառնանք հոդվածով»,-ասաց պարոն Կարապետյանը և հավելեց. «Մինչ մենք հիմա այստեղ զրուցում ենք, Քարվաճառում նորանոր հուշարձաններ են հայտնաբերվում»: ՀՃՈՒ հիմնադրամի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ ուրվագծվում են հաջորդ երկու հատորները. դրանցից մեկը նվիրված է լինելու Խնուս գավառին՝ պատմական Վարաժնունիքին, իսկ մյուսը՝  Ղարադաղին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ