Տնտեսություն - ՀՕ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում. տնտեսագետ

«Հարկային օրենսգրքի փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, մենք ակնկալում էինք տեսնել այլ ՀՕ, բայց տեսնում ենք աննշան փոփոխություններ»,-այս ամասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ խոսելով Հարկային օրենսգրքում հնարավոր բարեփոխումների մասին, որոնք, ըստ բանախոսի, տարվում են չորս ուղղությամբ: Դրանցից առաջինը եկամուտների համահարթեցումն է, որը բանախոսը համարում է անընդունելի մոտեցում, քանի որ, նրա կարծիքով, «բարձր եկամուտ ունեցողներն ավելի շատ պիտի մասնակցեն հանրային կյանքի ֆինանսավորմանը, քան ցածր եկամուտ ունեցողները»: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է շահութահարկին՝ 20-ից 18 դարձնել շահութահարկի դրույքաչափը, և 10-ից հինգ՝  օտարերկրյա ռեզիդենտների դիվիդենտների չափը: Ինչպես նշեց բանախոսը՝ սա, սակայն, ո՛չ կտրուկ տնտեսական աճի կհանգեցնի, ո՛չ էլ, առավել ևս, տնտեսական հեղափոխության: Երրորդ փոփոխությունը վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը: «18 միլիոնանոց չհարկվող շեմը դարձնել 24 միլիոն՝ դրական է շեմի որոշակի բարձրացումը, բայց էլի բավարար չէ, որ ՀՆԱ-ի մեջ միկրոձեռնարկատիրության դերը բարձրանա»,-ասաց տնտեսագետը: Որպես չորրորդ ուղղություն պարոն Խաչատրյանը նշեց ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը: «Այստեղ է, որ տնտեսության մեջ գնաճային երևույթներ են նկատվելու»,-նշեց Կ. Խաչատրյանը և հավելեց, որ դա կարող է անդրադառնալ տրանսպորտի գնի բարձրացման վրա, նաև դիզվառելիքի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի գյուղմթերքի թանկացմանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ