Հասարակություն - Թավշյա հեղափոխության խերն ու շառը

Մարդը մտափոխվեց, չարտագաղթեց, գործ դրեց և կրեց 1.5 մլն դրամի վնաս

 

 

Որքան մեծ են ակնկալիքներդ, այնքան մեծ է լինում նաև հիասթափությունդ: Այդպես եղավ և Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանի դեպքում, որը դեռ 2017 թ. որոշել էր արտագաղթել, սակայն հեղափոխությունից հետո, ինչպես ինքն է ասում, մտածեց, որ մեր երկրում էլ լավ կլինի: «2018 թ., երբ հեղափոխական շարժումը սկսվեց, ես նույնպես մասնակցել եմ մեծ ակնկալիքներով, որ քաղաքացիները կլինեն ոչ արհամարհված, մարդու աշխատանքը, ներդրումները կգնահատվեն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Խ. Ստեփանյանը, որն անցյալ տարի հիմնել էր ազնվամորու և խնձորի այգիներ, սակայն այս տարի ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով արդեն ունի 1.5 մլն դրամի վնաս. իր այգու բերքն արդեն պիտի մի քանի անգամ ջրած լիներ, սակայն… «Սովորաբար բերքը ոռոգվում է մայիսի 20-25-ից սկսած, բայց այս տարի ջուրը եղավ հունիսի 5-6-ից: Ջրամատակարարող ընկերությունից պարզաբանեցին, որ «Ջրառն» է իրենց ջուր մատակարարում, և իրենց վրա չվերցրեցին մեղքը, իսկ կառավարությունը որոշել է, որ ամսի 6-ից պիտի Սևանից ջրառ կատարվեր, սակայն դա իմ վնասը չի հատուցում: Ես 2400 քմ հողատարածքի վրա 2018 թ. տնկել էի ազնվամորու 3000 հատ արմատ և 2020-ին ակնկալում էի ստանալ 2.5 տոննա բերք, դրամային առումով՝ 2.5 մլն դրամի շահույթ: Ես բանկից վարկ եմ վերցրել, ներդրում եմ արել և վնաս կրել, հիմա ո՞վ է պատասխան տալու այս խնդրի համար»: Արամուսի բնակիչը պատմեց, որ ջրի հետ կապված խնդիրներ եղել են նաև անցյալ տարի: Ինքն այդ ժամանակ դիմել էր Կոտայքի մարզպետին, որից ակնկալում էր պատշաճ ուշադրություն և քաջալերանքի խոսքեր առ այն, որ ինքն առանց որևէ մեկի օգնության սեփական տարածքում ներդրում է արել, գործ սկսել և այլն, և հիմա կանգնած է վտանգի առաջ, սակայն դա տեղի չէր ունեցել. «Երբ մի արաբ կամ պարսիկ գալիս է այստեղ, ներդրում անում, նկարում են, ցույց տալիս, երբ ՀՀ քաղաքացին է իր ուժերով գործ սկսում, պետական ոչ մի աջակցություն չի ստանում»: Խ. Ստեփանյանը վստահ է, որ եթե ջրամատակարարման համակարգում խնդիրներ կան, դրանք պիտի կանխատեսվեն, հնարավորինս շուտ լուծվեն, կամ գոնե բնակիչներն իրազեկվեն, որ կանգնելու են խնդիրների առջև: Բանախոսը նշեց, որ հասկանում է, որ, բնականաբար, ամեն խնդիր չէ, որ անմիջապես վարչապետը պիտի լուծի, սակայն գյուղնախարարից, մարզպետից, բնապահպանության նախարարից, ջրամատակարարման ընկերության պատասխանատուներից բացի՝ խնդրանք-հորդորով դիմեց նաև ՀՀ վարչապետին, որպեսզի նրանք բոլորը հետևողական լինեն նման հարցերում, գտնեն մեղավորին և լուծում տան խնդիրներին. «Ինչու՞ ջուրը ժամանակին չի հասնում գյուղացիներին, որպեսզի մարդիկ նման խնդիրների առաջ չկանգնեն և ժամանակին ջրեն իրենց բերքը»,-հռետորական հարց ուղղեց Խ. Ստեփանյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ