Մշակույթ - Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան.

-Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում, բայց նաև շատ լուրջ խնդիրներ ունենք,-այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Նա նշեց, որ թեև այսօր եզդի երեխաները դպրոցներում սովորում են իրենց մայրենի լեզուն, իրենք հրատարակում են «Եզդիխանա» թերթը, նշում են իրենց ազգային տոները, սակայն եզդիական համայնքի խնդիրները կարծես ոչ ոքի չեն հետաքրքրում, նրանց հուզող հարցերը չեն բարձրաձայնվում պետական ամբիոններից, ու թեև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկ՝ Ռուստամ Բաքոյանը, ազգությամբ եզդի է, սակայն կցանկանային, որ համապատասխան հարթակներից նրա ձայնը լսելի լիներ, իսկ գործունեությունը՝ ավելի արգասավոր: Պարոն Թամոյանը մտահոգված էր նաև եզդիներին որպես քուրդ ներկայացնելու խնդրով, ինչի վերաբերյալ նա նշեց, որ պետք չէ նույնականացնել երկու ժողովուրդներին: «Մենք էթնիկապես ոչ մի կապ չունենք քրդերի հետ»,-նշեց Ա. Թամոյանը: Նա անդրադարձավ նաև իրենց ազգային մշակույթի պահպանման հարցին՝ նշելով, որ, ցավալիորեն, մամուլը չի անդրադառնում իրենց ազգային տոներին, մշակութային միջոցառումներին, և գնալով ավելի հազվադեպ են լուսաբանում իրենց ինքնության պահպանմանը միտված իրադարձությունները: Ինչ վերաբերում է վերջերս լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած դեպքին՝ կապված երեխայի աչքի առջև եզդի հոր ինքնահրկիզման փորձի հետ, պարոն Թամոյանը նշեց, որ իրենց Միությունն այն կառույցը չէ, որին պետք է դիմել նման հարցով, քանի որ դրա համար գոյություն ունի մարզպետարանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ