Քաղաքական - «Այսօր ՀՀ կառավարությունը բոլոր հրահանգները ստանում է «Սորոսի» գրասենյակից». ՎԵՏՕ-ն կրկին բողոքի ակցիա է իրականացնում

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժումն այսօր կրկին բողոքի ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հայաստանյան հիմնադրամի» գրասենյակի մոտ։

Ինչպես նախորդ ակցիայի ժամանակ, այսօր ևս մեծ թվով ոստիկաններ փակել էին դեպի գրասենյակ տանող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցները չկարողանան մոտենալ շենքին։

Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը՝ տեսնելով մեծաթիվ ոստիկաններին, հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ չի կարելի արգելափակել «Սորոսի» գրասենյակը, այն դեպքում, երբ Կառավարության հրահանգով բազմիցս արգելափակել են Կառավարության, Ազգային ժողովի և դատարանների շենքերը։

«Ոստիկանությունն այդ շենքերի արգելափակման ժամանակ որևէ պահպանություն չի իրականացրել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հրանահանգով ոստիկանությունն այսօր պահպանում է «Սորոսի» գրասենյակը։ Հետևությունը թողնում եմ հանրությանը, բայց մենք այս վիճակը չենք հանդուրժելու»,- ասաց Նարեկ Մալյանը։

Հարցի պատասխանն իմանալու համար Նարեկ Մալյանը նշեց, որ պաշտոնապես դիմել է նաև ոստիկանությանը, և եթե պատասխան չստանա, ապա ստիպված կլինի սեփական ուժերով իրացնելու խաղաղ ցույց իրականացնելու իրավունքը։

Նա նաև հավելեց, որ չգիտի, թե ինչու են իշխանությունները կարծում, որ «Սորոսի» գրասենյակի մոտ ակցիա չպետք է իրականացվի։

Նարեկ Մալյանը դիմեց նաև տեղում հսկողություն իրականացնող ոստիկանությանը՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են փակել գրասենյակի մուտքը, իսկ դատարանների մուտքերն արգելափակելու ժամանակ այդ շենքերը չէին պահպանում։ Ոստիկաններն էլ նշեցին, թե իրենք միշտ պահպանում են հասարակական կարգը, մյուս հարցերով էլ ուղղորդեցին դիմել ոստիկանության լրատվության բաժին։

«Օրինակ, եթե ես ցանկանում եմ գնալ այդ գրասենյակ և Լարիսայից գրանտ վերցնեմ, ինչպե՞ս եմ գնալու»,- հարցրեց Ն. Մալյանը։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ կառավարությունը բոլոր հրահանգները ստանում է հենց այդ գրասենյակից, այնտեղից են ԱԺ-ում հայտնվում նաև տրանսգենդերները, որոնք ելույթ են ունենում։

«Այստեղից են տրանսգենդերները գնում ԿԳ նախարարի հետ հանդիպման և քննարկում անկյունաքարային լուրջ հարցեր, որի մասին առանձին կխոսեմ Ֆեյսբուքում։ Կբացահայտեմ, թե ինչ էին խոսում Կարաբինան ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը»,- շեշտեց Ն. Մալյանը։

Նրա հերթական փորձը՝ մուտք գործելու գրասենյակ՝ անհաջող անցավ, քանի որ ոստիկանները հերթական անգամ Նարեկ Մալյանին հետ հրեցին, որի հետևանքով տեղի ունեցավ քաշքշուկ։

 

Աղբյուրը՝ 168.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ