Միջազգային - Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների թիվը հասել է 10-ի

Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ կառավարող Պահպանողական կուսակցության նախագահի թեկնածուների թիվը հասել է 10-ի։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարում ընդգրկվել է շրջանների եւ տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիթ Մալթհաուսը, որն իր մտադրությունների մասին տեղեկացրել է The Sun թերթի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նոր առաջնորդի ընտրարշավը չի կարող կառուցվել պատերազմներով հյուծված «նույն հին անձանց» շուրջ, որոնք թորիների կուսակցությունը պառակտել են վերջին երեք տարիներին»։

«Ես կարծում եմ, որ նոր դեմք եմ թարմ գաղափարներով նոր ու տաղանդավոր (ներկայացուցիչների թվից)»,- ասել է Մալթհաուսը։ Նրան Twitter-ում մեջբերում է The Sun-ի քաղաքական մեկնաբան Թոմ Նյուտոն Դանը երեքշաբթի առավոտյան մամուլում քաղաքական գործչի հոդվածի հայտնվելու նախօրեին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մալթհաուսը թորիների շարքում հայտնի է դարձել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների փոխզիջումային տարբերակի առաջարկով։ Նրա տարբերակը, որը կառավարությունը շատ բարդ էր համարել, մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականը, երկարացնում էր անցումային շրջանը Brexit-ից հետո եւ նախատեսում էր «բեքստոպ» անունը կրող վիճելի մեխանիզմի փոխարինում։ Այն թույլ չէր տալու  ֆիզիկական սահմաններ անցկացնել Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ մաքսային միությունում եւ ԵՄ միասնական շուկայում Օլսթերի մնալու ճանապարհով։ «Բեքստոպի» փոխարեն Մալթհաուսը առաջարկում էր համաձայնագիր կնքել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ազատ առեւտրի մասին, որում նախատեսվում էր մինչ այժմ անհայտ տեխնոլոգիա մաքսային վերահսկողությունից հեռանալու մասին։

Ավելի վաղ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար իր պայքարի մասին բացահայտ ասել են ինը թորի քաղաքական գործիչներ։ Նրանք են՝ ֆավորիտ համարվող Բորիս Ջոնսոնը՝ նախկին արտգործնախարար, արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման նախարար Մեթ Հենքոկը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էսթեր Մաքվինը, Brexit հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի (դե ֆակտո՝ բրիտանական կառավարության ներկայացուցիչը խորհրդարանի ստորին պալատում) նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, մթերային եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը, ինչպես նաեւ թագավորության ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը։ Կուսակցության էլի մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։

Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարեց, որ հունիսի 7-ին հրաժարական կտա, քանի որ չի կարողանում իրականացնել երկրի դուրս գալը ԵՄ կազմից։ Նա կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում, մինչեւ որ կուսակցությունը նոր առաջնորդ կընտրի։ Այդ գործընթացը պետք է սկսվի հունիսի 10-ին եւ կավարտվի հուլիսի երկրորդ կեսին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ