Քաղաքական - Բոլորին շինթույլտվություններ ենք տալիս, բայց Երեւան քաղաքը պետք է իր ոճը ունենա. Հայկ Մարության

Կայացել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդի անդրանիկ նիստը: Կարեւորելով մասնագիտական թիմի գործունեությունը՝ նիստը վարող Երեւանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը նկատել է, որ խորհրդի աշխատանքը հնարավորություն կտա քաղաքն առաջ տանել ճիշտ ուղղությամբ:

«Այսօր մենք շատ կարծրատիպեր քանդում ենք նաեւ քաղաքաշինական ոլորտում, իհարկե` ոչ թե մասնագիտական, այլեւ մոտեցումների առումով, եւ բնականաբար, մենք պետք է նաեւ զսպող մեխանիզմներ ունենանք: Մենք, այո՛, բոլորին թույլտվություններ ենք տալիս, ասում ենք շատ լավ է, եկեք արեք շինարարություն, գնանք առաջ, բայց Երեւան քաղաքը պետք է իր ոճը ունենա, ընդհանրապես տրամաբանությունն ունենա, որտեղ ենք մենք, ուր ենք գնալու եւ ինչ ճանապարհ ենք ուզում անցնել, եւ ի վերջո ինչ ենք ուզում ստանալ»,-նշել է քաղաքապետը:

«Երեւանի համար կարեւոր հիմնական նախագծերը կներկայացվեն քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը». նշում է քաղաքապետ Մարությանն ու համոզմունք հայտնում, որ որոշումները կկայացվեն բազմակողմանի քննության արդյունքում:

«Մեծ նախագծերը, կարեւոր նախագծերը, հանրային մեծ հնչեղություն ունեցող նախագծերը մենք անպայման կուզենանք, որ մտնեն քաղաքաշինական խորհուրդ, որպեսզի առավել լայն կերպով քննարկվեն, հնարավորին շատ կարծիքներ հնչեն, լավագույն մասնագետների կարծիքները հնչեն, եւ այդ բոլոր կարծիքների հիման վրա էլ ձեւավորվի մի կարծիք, որով մենք կշարունակենք գնալ առաջ: Յուրաքանչյուր որոշում այսուհետ չի լինելու միանձնյա, կներեք, որ այսպես եմ ասում, որովհետեւ շատ հաճախ առաջներում դա այդպես էր արվում, միանձնյա որոշում էր կայացվում, եւ շատ հաճախ ոչ մասնագիտական, այլ քաղաքական որոշումներ էր կայացվում: Այս խորհուրդը լինելու է հենց մասնագիտական կարծիքի գեներատոր՝ Երեւան քաղաքի կարեւոր կառույցների ու յուրաքանչյուր մեծ նախագծերի համար»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ:

«Ինչպես տեսնում եք, կազմը բավականին փոխված է, եւ մենք նախկին քաղաքաշինական խորհուրդը վերընտրելու փոխարեն որոշեցինք այս անգամ գնալ մի փոքր ուրիշ ճանապարհով. քաղաքաշինական խորհրդի մեջ ընդգրկել այն ճարտարապետներին, որոնք ունեն արդեն բավականին հետաքրքիր փորձառություն, հետաքրքիր կառույցներ եւ ունեն բավականին հետաքրքրիր վերաբերմունք ու մոտեցում բոլոր այն խնդիրներին, որ այսօր առկա են մեր առջեւ: Սա չի լինելու այն խորհուրդը, որի շնորհիվ ճարտարապետները հնարավորություն կունենան հավելյալ պատվերներ ստանալու, ես կարծում եմ՝ դուք այն աստիճանի կայացած մարդիկ եք, որ այդ խնդիրը չունեք»,- նշել է Երեւանի գլխավոր ճարտարապետը:

Անդրանիկ նիստում խորհրդի քննարկմանը երկու էսքիզ-առաջարկ էր ներկայացված՝ Պարոնյան 15 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի եւ Բարբյուսի 66 հասցեում, Կիեւյան կամրջի հարեւանությամբ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման: Երկու կառույցների վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ, առաջարկներ ու դիտարկումներ: Ճարտարապետները մի քանի խնդիրներ նշեցին հարկայնության ու կանաչ գոտիների ստեղծման հետ կապված: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում կայացվեց առաջին էսքիզ-առաջարկն ուղարկել վերամշակման, իսկ երկրորդը մերժվեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ