Քաղաքական - Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը քիչ առաջ ժամանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Երանոսյանի պաշտպանը լրագրողներին հայտարարություն է բաժանել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին:

Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»:

Հիշեցնենք՝ Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ