Տարածաշրջան - Ընտրությունները Վրաստանում. իշխող ուժի բացարձակ հաղթանակը

Մայիսի 19-ին Վրաստանում տեղի ունեցան միջանկյալ և արտահերթ ընտրություններ, որոնց նախնական արդյունքների համաձայն՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում բացարձակ հաղթանակ են տանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները, հաղորդում է «Ալիք մեդիա» -ն։

Իշխող ուժի թեկնածուները քաղաքապետի մանդատ կստանան Զուգդիդիում, Մառնեուլիում, Զեստաֆոնիում, Ճիաթուրայում և Խուլոյում:

Թեժ պայքար էր ընթանում հատկապես Զուգդիդիում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար ընդդիմությունն առաջադրել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տիկնոջը՝ Սանդրա Ռուլոֆսին։ Վերջինս ստացել է ձայների 42 տոկոսը, հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Գիորգի Շենգելիան՝ 54 տոկոսով:

Մառնեուլիում 90 ընտրատեղամասից ստացված տվյալների համաձայն ձայների 78,6 տոկոսով առաջին տեղում է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Զաուր Դարգալին: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Ագիլ Մուստաֆաևը ստացել է քվեների մոտ 11 տոկոսը։

Խուլոյում ձայների 70,91 տոկոսով հաղթող է ճանաչվել իշխող կուսակցության թեկնածու Վախթանգ Բերիձեն:

Ճիաթուրայում նույնպես հաղթանակը «Վրացական երազանքինն» է․ Գիվի Մոդեբաձեն հավաքել է ձայների 64,58 տոկոսը:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, Զեստաֆոնիում առաջնորդում է իշխող կուսակցության թեկնածու Գիորգի Գոգլիչիձեն՝ 50,7 տոկոսով:

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, այստեղ Վրաստանի նախագահ ընտրվելուց հետո Սալոմե Զուրաբիշվիլին ազատեց Մթածմինդայի թաղամասի մեծամասնական պատգամավորի մանդատը: Նախնական տվյալներով այստեղ ևս առաջատար է «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Լադո Կախիձեն՝ 41 տոկոսով, սակայն, երկրորդ փուլը Մթածմինդայի ընտրատարածքում անխուսափելի է։ Այդ մասին ասել է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի տվյալների համաձայն, ընտրություններում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Սագարեջոյում, ամենացածրը՝ Մթածմինդայում:

Այսպիսով Վրաստանում մայիսի 19-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքապետ են ընտրել Զուգդիդիում, Մառնեուլիում, Խուլոյում, Ճիաթուրայում և Զեստաֆոնիում: Միջանկյալ ընտրություններ են տեղի ունեցել Մթածմինդայում: Զուգահեռ միջանկյալ ընտրություններ են տեղի ունեցել շրջանային սակրեբուլոներում՝ Սագարեջոյում, Ախմետայում, Ադիգենիում, Օզուրգեթիում, Ճիաթուրայում, Տկղիբուլիում, Ծկղալտուբոյում և Զեստաֆոնիում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ