Քաղաքական - «Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը՝ Վիտալի Բալասանյանին

Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեի, որ մեր գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից, aysor.am-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», - ասել է Միրզոյանը՝ նշելով, որ ավելի մեկնաբանություն չի ուզում անել:

Արցախի Հանրապետության նախագահ Աշոտ Ղուլյանն էլ իր հերթին նշել է, որ որևէ հակասություն կողմերի մեջ չկա և ՀՀ ու Արցախի հարաբերությունների մեջ չկա սրացում: Ղուլյանն ընդգծեց՝ բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, մինչդեռ դա չի կարող նսեմացնել երկկողմանի հարաբերությունները:

«Կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Սա էլ է մեր նոր ժամանակների արդյունքը, երբ ամեն մարդ ազատ է իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դրա համար նաև հետևանքներ էլ կան», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պետք է հարգվեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ