Քաղաքական - Չի բացառվում, որ Բրյուսելում կայանա Փաշինյան-Ալիեւ ոչ ֆորմալ հանդիպում. Վլադիմիր Կարապետյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ Բրյուսելում հանդիպման նախնական պայմանավորվածություն չկա, սակայն չի բացառվում, որ կարող է կայանալ ոչ ֆորմալ հանդիպում: Այս մասին Լյուքսեմբուրգում լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, փոխանցում է  «Արմենպրես»–ը։

«Նախնական պայմանավորվածություն չկա: Բավականին կարեւոր միջոցառում է լինելու՝ ի նշան  գործընկերության այս 10 տարվա հռչակմանը, որին ներկա են լինելու նախաձեռնողները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արեւելյան գործընկերության 6 երկրների ղեկավարները: Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես անտեղ է լինելու, հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն  այս պահի դրությամբ չկա»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք հնարավոր է լինի ոչ ֆորմալ հանդիպում, Կարապետյանը պատասխանեց, որ չի բացառում այդ հնարավորությունը:  «Լինում են ֆորմալ եւ ոչ ֆորմալ հանդիպումներ: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դժվարանում եմ ասել՝ արդյոք այդ հնարավորությունը կլինի, թե ոչ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախատեսվում է, որ ղեկավարները հանդես կգան ելույթներով: Վստահ եմ, որ շփում կլինի, բայց թե ինչ կարգի, այս պահին դժվար է ասել»,-նշել է նա:

Կարապետյանը նշել է՝ ինքը միշտ կողմ է երկխոսության՝ տարբեր մակարդակներում: Նա հիշեց, որ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի վերջին երկու հանդիպումից, ինչպես նաեւ արտգործնախարարների հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, որը բավականին նշանակալի զարգացում է: «Եվ վաղուց մենք չունեինք նման հեռանկար պարունակող մոտեցում՝ երկու երկրների կողմից հրապարակային արտահայտված»,-ասաց Կարապետյանն ու նշեց՝  շատ շուտով հանրությունը կիմանա՝ արդյոք հանդիպում եղել է, թե ոչ, բայց այս պահին որեւէ պայմանավորվածություն չկա:

Հիշեցնենք, որ Մայիսի 13-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Լյուքսեմբուրգ։ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետի, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ: Այնուհետեւ նախատեսվում է, որ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի շենքում կմասնակցի Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ