Քաղաքական - Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանին․ հաջորդ նիստը՝ վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 13-ին կայացած նիստում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով այս գործով հանդիսանում է որպես կողմ, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։ Երկրորդ հիմքն այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել։ Մեզ զրկում եք Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից»,- ասել է Ալումյանը։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել է, որ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 14-ին:

«Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար դատական ակտ կայացնելու նպատակով դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ: Դատարանը հաջորդ նիստը նշանակում է սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 12:30-ին: Այդ ժամին էլ կհրապարակվի որոշումը»,- նշել է Գրիգորյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ