Մամուլ - ԱԱԾ-ն քաղաքական հալածանքների գործիք է եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացահայտումներից մեկը շատերի համար ցնցող էր, եւ պատահական չէ, որ քաղաքական, հասարակական դաշտում լայն քննարկումների թեմա դարձավ:

Փաշինյանի խոսքով` նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, եւ հիմա ծառայողական քննություն է իրականացվում: Ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մանրամասնել է. «Այս մասին տեղեկությունը որոշել են հրապարակել, քանի որ շատ են հնչում հարցադրումներ կառավարության հասցեին: Մասնավորապես, հարցադրումներ են հնչում` ԱԱԾ-ն, ինչ է, չգիտի՞՝ մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել»:

Թե ինչ նյութերի մասին է խոսքը, Փաշինյանն ընդհանրական պատասխան է տվել. «Որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է` ե՛ւ մարդկանց, ե՛ւ իրադարձությունների։ Ընդդիմադիր գործչի նկատմամբ ի՞նչ գործողություն է ձեռնարկվել… Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, եւ էդ պատառիկների հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա եւ էդպես…»:

Այս թեմային անդրադարձել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հավելելով. «Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք՝ ինչ է արվել»:

Նկատենք, որ տեղի ունեցածն ամենեւին էլ արտառոց չէ. վաղ, թե ուշ սպասելի էր, որ նման փաստ կբացահայտվի` հաշվի առնելով նախկին իշխանությունների բնույթը: Բնական է, որ հեռանալուց առաջ հետքերը մաքրելու փորձեր արվել են: Ի վերջո, նախկինների օրոք ԱԱԾ-ն քաղաքական հալածանքների գործիք է եղել: Ու բնական է, որ առաջին հերթին արխիվներից պետք է անհետացած լինեն մարտի 1-ի, նաեւ ՀՀԿ իշխանության ժամանակ ընդդիմադիր գործիչների դեմ «թղթապանակները», որպեսզի չերեւա, թե իրենց իշխանությունն ինչերի է ընդունակ եղել:

Չենք զարմանա, եթե պարզվի` անհետացել են նաեւ շատ այլ աղմկահարույց դեպքերի նյութեր, այդ թվում` հոկտեմբերի 27-ին ու նախկին իշխանությունների օրոք քաղաքական սպանություններին վերաբերող»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ