Կրթություն - ԿԳՆ-ն առաջարկում է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին մեկ ժամ շուտ թողնել աշխատանքից

Կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ մի օրինագիծ։ Այս մասին գրում է panorama.am-ը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական համակարգում հրապարակված օրինագծում ասվում է, որ դրա ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

«Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրա կտրամադրվի 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն)»,-ասված է նախագծում։

Ակնկալվող արդյունքը բաժնում նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:

«Բացի այդ, հարկ է նշել, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, քանի որ հիշյալ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը»,-ասված է նախագծում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ