Քաղաքական - Փաշինյանը խնդրել է Կորեայի նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ակտիվ և արդյունավետ գործունեությունը մեր երկրում և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ:

Վարչապետը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և խնդրել Կորեայի Հանրապետության նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և հավելել, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը, ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական մակարդակով: Ու Յուն-Գընը նշել է, որ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է երկկողմ համագործակցությունը զբոսաշրջության և հումանիտար ոլորտներում: Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստան այցելած կորեացի զբոսաշրջիկների թիվը 2017-ի համեմատ կրկնապատկվել է՝ անցնելով 7 հազարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ