Հասարակություն - 2019-ի ապրիլին Երեւանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով. Քաղաքապետարան

2019-ի ապրիլին Երեւանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ:

Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել:

Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային եւ հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երեւան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 101.9%: Քաղաքապետին զեկուցվել է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1 մլրդ դրամով:

Երեւանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առեւտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն:

Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաեւ շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն:

Խորհրդակցության վերջում քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել իրավաբանական վարչության արդեն նախկին պետ Զավեն Առաքելյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատավայրում: Զավեն Առաքելյանը քաղաքապետարանի համակարգում էր աշխատում 2003թ.-ից ի վեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ