Քաղաքական - Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, ես տվել եմ ընդամենը ինֆորմացիա․ Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմունք է տվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ (ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են), նշել է, որ նման բան չկա:

 

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, առհասարակ ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Ես տվել եմ ընդամենը ինֆորմացիա: Հազար անգամ նշել եմ, հիմա նույնպես նշում եմ, որ ցանկացած բան, ինչ ես գիտեմ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին»,-ասել է Արսեն Թորոսյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված հարուցված քրեական գործով Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք են տվել ՊՎԾ աշխատակիցներ, ինչպես նաև կառավարության անդամ։ Նշվում էր, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված կառավարության անդամը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ