Հասարակություն - Ընդդեմ ավագանու նիստին լրագրողների մասնակցության սահմանափակման. ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ:

Այս առնչությամբ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդագրություն է տարծել, որտեղ ասվում է.

«2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց մասնակցել ավագանու նիստերին անմիջապես դահլիճում:

Մեր ներկայացրած նախագծով առաջարկում էինք հանել ավագանու նիստերին մասնակցելու սահմանափակումը եւ թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել ավագանու դռնբաց նիստերին:

Ինչպես նաեւ առաջարկում էինք հանել Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը, որովհետեւ այն հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «լրատվական գործունեություն իրականացնողը իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ»:

Այսինքն՝ օրենքում խոսք չկա ՏԻՄ-ի մասին եւ Երեւանի քաղաքապետարանին՝ որպես ՏԻՄ, չի կարող տրվել լրատվամիջոցներին հավատարմագրելու լիազորություն:

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել կառավարության կոմիտեի նիստ եւ առաջին երկու առաջարկները մերժվել են:

Ավագանու նիստերը բոլորի համար բաց դարձնելու հակափաստարկը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շատ տեխնիկական էր՝ դահլիճը փոքր է:

Լրատվամիջոցների դռնբաց մասնակցությունը եւս մերժվեց իրավականորեն ամրագրել. քանի որ ըստ քաղաքապետի դե ֆակտո նրանք մասնակցում են: Նա նշեց, որ շուտով Երեւանի ավագանու նիստերի դահլիճում լինելու են ձեւափոխություններ եւ առանձնացվելու է հատուկ տեղ լրատվամիջոցների համար, որը կապահովի տեսանելիություն նաեւ դեպի դահլիճ (ԱԺ-ի պես): Ստիպված էի պարոն քաղաքապետին եւ ներկաներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով եւ դե յուրե ամրագրումը ունի ինստիտուցիոնալ նշանակություն:

Երրորդ առաջարկն ընդունելի էր եւ համաձայնեցին, որ լրատվամիջոցները կարող են լուսաբանել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքները առանց հավատարմագրման եւ միայն անձը ու լրատվամիջոցը հաստատող փաստաթղթով:

Նիստերը բոլոր մասնակիցների համար բաց դարձնելու առաջարկը մեծապես կնպաստեր տեղական ժողովրդավարության բարձրացմանը: Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին եւ այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով: Բայց Երեւանի քաղաքապետի դիրքորոշումը ցավոք տեղավորվում է միայն տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության շրջանակներում, ինչը, ըստ ինձ, բարեփոխումները արգելակող մտածողություն է եւ մոտեցում:

Նիստերի դահլիճին կից հատուկ տեղ առանձնացնելու վերաբերյալ կցանկանայի լսել լրատվամիջոցների կարծիքը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ