Հասարակություն - Երևանում ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցում տեղակայված կրպակները

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ՝ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի երկայնքով տեղակայված կրպակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապամոնտաժման աշխատանքներին հետևում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

 

Կենտրոն վարչական շրջանի քաղաքացիության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ծանուցման գործընթացն իրականացվել է 2019 թվականի հունվար ամսից:

«Մեկ կրպակ չի ապամոնտաժվի, քանի որ սեփականության վկայական ունի»,- ասաց Մարգարյանը և հավելեց, որ Կենտրոնում ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

Վիկտոր Մնացականյանն էլ շեշտել է, որ տնտեսվարողներին մի քանի ամիս առաջ ուղարկել են ծանուցումներ, և այսօր 4 տաղավար ապամոնտաժելու են, որպեսզի Երևանում լինի սիրուն ու բարեկարգ կենտրոն:

«Մեր պայքարը մայթերն ազատագրելու գործում շարունակական է լինելու: Այս ապամոնտաժումը և՛ բիզնեսի, և՛ քաղաքի համար լավ է լինելու: Այս տաղավարների տերերն այլ վայրերում ունեն բիզնեսներ, օրինակ՝ դիմացի մայթերին և այլ հատվածներում»,- ասել է Մնացականյանը և հավելեց, որ որոշ կրպակների տերեր 96 թվականից ապօրինաբար են զբաղեցրել մայթերը:

Նրա խոսքով՝ ապամոնտաժվող կրպակների տերերից որևէ մեկը չունի սեփականության վկայական:

Մնացականյանը շեշտել է, որ քաղաքապետարանի հետ որոշել են տեղ հատկացնել նրանց և այն անձինք, ովքեր կհամագործակցեն պետության հետ, անպայման կհրավիրվեն, և մի քանի ամսվա մեջ տրամադրված վայրերում կտեղադրվեն իրենց տաղավարները:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ այս պահին շատ փողոցներ կան, որտեղ ապամոնտաժելու ենթակա տաղավարներ կան. նա, մասնավորապես, նշել է Թումանյան փողոցը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ