Կրթություն - ԿԳ նախարարն ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և ՀՄԸՄ-ՀԱՍԿ համագործակցության հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քանի որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գործունեությունն առնչվում է նաև կրթության ոլորտին, հետևաբար համագործակցության լայն հնարավորություններ կան:

ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկայացրել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով, որ 28 հազար անդամ ունեցող կազմակերպությունը գործում է աշխարհի 26 երկրում և ունի 110 մասնաճյուղ: Նրա խոսքով՝ այս տարի կազմակերպությունը նշում է իր վերահիմնադրման 30-ամյակը:

1997թ.-ից ՀԱՍԿ-ը հանդիսանում է նաև Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ: Նշվել է, որ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը խմբեր ունի Երևանում և ՀՀ մարզերում, որոնք հիմնականում 6-16 տարիքային խմբի երեխաներ են: Այն ոչ ֆորմալ կրթական շարժում է, որն ունի գիտելիքների հստակ աստիճանակարգ և ըստ դրանց՝ համապատասխան դասագրքեր:

Նախարարն առաջարկել է կազմակերպության ծրագրերը ներկայացնել Կրթության ազգային ինստիտուտ և երաշխավորվել՝ որպես ոչ ֆորմալ կրթական ծրագիր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդրին: Այդ համատեքստում նշվել է, որ 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել է ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 11-րդ դասարանցիների ռազմամարզական վրանային ճամբարի փորձնական ծրագիր: Քննարկվել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության փորձը՝ տեսական և գործնական գիտելիքի համադրության տեսանկյունից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ